13:12 , 8 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Պոլիոմելիտի վերջին դեպքը Հայաստանում գրանցվել է 1995 թվականին: Դրանից հետո մինչ օրս պոլիոմելիտի որևէ դեպք երկրում չի գրանցվել, 2002-ից էլ Հայաստանը սերտիֆիկացվել է որպես պոլիոմելիտից ազատ երկիր, առա այսօր այդ կարգավիճակը պահպանվում է:
Այս մասին Panorama.am-ին հայտնեց Առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ավելացնելով, որ օրեր առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացել են հաշվետվություն, ըստ որի Հայաստանը պոլիոմելիտի առումով համարվել է ցածր ռիսկային երկիր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Առողջապահության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի Սիրիայում պոլիոմիելիտի վարակը հաստատվել է, ապա հորդորեց վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներգաղթած մինչև 15 տարեկան սիրիահայ մեր հայրենակիցներին դիմել բնակության վայրի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններին հիվանդության վաղաժամ հայտնաբերման, պոլիոմիելիտի դեմ անվճար պատվաստումներ և խորհրդատվություն ստանալու համար:
Ծրագրի ղեկավարը քիչ առաջ էր խոսել 8-րդ պոլիկլինիկայի տնօրենի հետ, ով փոխանցել է, որ պատվաստման համար դիմած սիրահայերի մեծ մասը պոլիկլինիկա են գալիս իրենց բժշկական փաստաթղթերով, որտեղ հստակ նշված է, որ բոլոր պատվաստումներն անցել են, իսկ ովքեր ինչ-ինչ պատճառներով փաստաթղթեր չունեն, նրանց առաջարկվում է ընդունել 3 դեղաչափ պատվաստանյութ:
«Ոչ մի պարտադրանք չկա, սա ընդամենը կանխարգելիչ միջոցառում է, որպեսզի մեզ մոտ հանգիստ վիճակը շարունակվի: Բացատրում են, ինչ հիվանդություն է, ինչի համար է արվում, ոչ մի հրաժարում չունենք, սիրահայերն ավելի ըմբռնումով են մոտենում, ես ապշած եմ, նրանք շատ պարտաճանաչ են»,-ասաց Սահակյանը:
Նա բացատրեց, որ պատվաստանյութի պահուստային պաշար ամեն դեպքում ԱՆ-ն ունենում է հնարավոր վարակներին արագ արձագանքնման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ