10:12 , 8 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 9-ից մեկնարկում է արվեստի պատմության դասախոսությունների շարքը: Ծրագրի շրջանակներում անդրադարձ կկատարվի և համաշխարհային, և հայկական արվեստին` նախնադարից մինչև մեր օրերը: Այս մասին Panorama.am-ին ասաց Ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Անուշ Հակոբյանը:
«Վաղուց էի մտածում նման ծրագիր իրականացնելու մասին: Ծրագրի գլխավոր նպատակն է՝ մեր հասարակությանը մոտեցնել արվեստին, կրթել»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի, որ հասարակության շրջանում ավելանան արվեստը ճանաչող, գնահատող մարդիկ:
Ա. Հակոբյանի դիտարկմամբ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բացի մի քանի բուհերից, արվեստի պատմություն, տեսություն որպես այդպիսին չեն անցնում, մինչդեռ թանգարան այցելող ցանկացած ոք պետք է նվազագույն պատկերացում ունենա արվեստի, մշակույթի մասին:
«Դասախոսությունների ընթացքում մենք սկսելու ենք արվեստի «ա»-ից մինչև վերջ, մինչև ավանգարդ արվեստ»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ եթե լսարանի կողմից հետաքրքրություն ցուցաբերվի, կլինի նաև թեմատիկ դասախոսություններ, կհրավիրվեն նեղ մասնագետներ:
Դասախոսությունները, ըստ Ա. Հակոբյանի, տարիքային բոլոր խմբերի համար ընկալելի ու հասկանալի կլինին՝ սկսած 12 տարեկանից, որևէ սահմանափակում չկա:
«Ծրագիրը կազմված է մաքսիմալ մատչելի, բայց, վստահեցնում եմ, դրանից որակը չի տուժել, պահպանվելու է անհրաժեշտ բարձր մակարդակը»,- նշեց պատկերասրահի փոխտնօրենը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ