09:58 , 8 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սաուդյան Արաբիայի՝ ոչ մշտական անդամի իր տեղից հրաժարվելուց հետո նրա տեղը կզբաղեցնի Հորդանանը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ ՄԱԿ-ում Հորդանանի մշտական ներկայացուցիչն այս գիշեր ուղևորվել է Աման՝ քննարկելու նոր դերը, որը երկիրը պետք է խաղա ԱԽ-ում:
Այս տարվա հոկտեմբերին Սաուդյան Արաբիան առաջին անգամ Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրվել էր ԱԽ անդամ երկիր, որից հետո երկրի կառավարությունը հայտարարել էր իր տեղից հրաժարվելու մասին՝ պատճառաբանելով, որ կազմակերպությունում բարեփոխումները չեն անցկացվում պատշաճ կերպով, և որ կազմակերպության աշխատանքը ծայրաստիճան անարդյունավետ է:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Սաուդյան Արաբիայի տեղը ՄԱԿ ԱԽ-ում համաձայնել է զբաղեցնել Քուվեյթը: Սակայն այնուհետև Քուվեյթի ԱԳՆ-ն հերքել էր այդ տեղեկությունը: