Իրանը չպետք է ակնկալի պատժամիջոցների մասշտաբային մեղմացում. Օբամա


09:07 , 8 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իրանը չպետք է ակնկալի պատժամիջոցների մասշտաբային մեղմացում, քանի որ միջուկային խնդրի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում մեղմացումը կլինի չափավոր, իսկ առանցքային սահմանափակումները չեն կորցնի իրենց ուժը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նման հայտարարություն է արել NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: 

«Մենք նրանց կարող ենք ապահովել շատ չափավոր մեղմացմամբ՝ պահպանելով պատժամիջոցների համակարգը, պահպանելով հիմնական պատժամիջոցները, որպեսզի եթե հաջորդ 6 ամիսներին, երբ մենք փորձենք ավելի կարևոր հարցեր լուծել, պարզվի, որ նրանք չեն պահպանում գործարքի պայմաններն ու մտադիր չեն առաջ շարժվել, մենք կարողանանք հետ դառնալ»,- ասել է Օբաման:

Օբամայի խոսքով՝ ինքն արդեն ասել է, որ չի բացառում ոչ մի տարբերակ՝ ներառյալ ուժայինը, կանխելու համար Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը: 

Հինգշաբթի Ժնևում սկսվել է Իրանի և «վեցյակի» բանակցությունների հերթական ռաունդը: Բանակցություններին մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ Ժնևում քննարկվում է Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը: 

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիի խոսքով՝ պատժամիջոցների ռեժիմը կարող է մեղմացվել, սակայն եթե «վեցյակի» մասնակիցները չկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել Թեհրանի հետ, ապա պատժամիջոցները կարող են խստացվել: