«Մեր խոսքը գործ է» հայտնի կարգախոսն արդիական է նաև թուրքական իշխանությունների համար


23:21 , 7 նոյեմբեր, 2013

Ի պատասխան վերջին շրջանում Արևմուտքից առավել հաճախ հնչող մեղադրանքներին, թե Թուրքիան կասկածելի քաղաքականություն է վարում՝ ձգտելով ամրապնդել սիրիական ընդդիմության դիրքերը և այդ նպատակով համակողմանիորեն աջակցում է սիրիական վարչակարգի դեմ հանդես եկող իսլամական ծայրահեղական խմբավորումներին, Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանը պաշտոնապես հայտարարեց, որ Թուրքիան որևէ կապ չունի սիրիական ընդդիմության շարքերում հանդես եկող ահաբեկչական տարրերի հետ: Թուրքիայի վարչապետն անգամ շեշտեց, որ իր եկիրը հետևողական պայքար է մղում նման բնույթի կառույցների դեմ: 
Էրդողանի վերոնշյալ հայտարարությունն ամրագրվեց այն տեղեկատվությամբ, թե թուրք զինվորականները սիրիական սահմանից 200 կմ հեռավորության վրա՝ Ադանայում, բեռնատարի ստուգման արդյունքում 1200 հրթիռային մարտագլխիկ են հայտնաբերել, որը, ենթադրաբար, նախատեսված էր սիրիական հակակառավարական զինյալների համար: 
Հետաքրքիր քաղաքականություն է, այդպես չէ՞. խոսքի հավաստում գործով: Համոզված եմ, հազիվ թե կգտնվի մեկը, ով կկարողանա կասկածել, որ օրվա ընթացքում թուրքական տարբեր պաշտոնյաների՝ անգամ 10 նման հայտարարություն կարող է դարձյալ ամրագրվել համապատասխան գործողություններով...