Կրոնը, կուսակցությունն ու վանդակ չսիրող երաժշտությունը


22:07 , 7 նոյեմբեր, 2013

1980-երի մի սիրուն օր Կիրովականի քիմիագործների մշակույթի տան դահլիճում երաժշտական փառատոն էր: Էդ օրը վերջում մեր խումբն էր ելույթ ունենալու: Կուլիսներում սպասում էինք մեր մուտքին, մեկ էլ տղեքն եկան ասին, թե КГБ-ից մարդիկ են եկել, իմացել են, որ մենք հաճախ ենք «պիղծ ու թշնամական` հակասովետական»  երգեր նվագում` Բիթլզ, ռոք-մոք ու այլ նմանատիպ բաներ: Եկան կուլիսներ ու պահանջեցին ներկայացնել մեր երգերի ցուցակը:

Մենք մի երկու անշառ երգից բացի պլանավորել էինք, իհարկե, մի երկու պիղծ բան էլ նվագել: Սրանք ցուցակում տեսան Beatles-ի «Help» երգն ու կարծեմ մի Ռոք-ընդ-Ռոլ: Ու զգաստացան: Սկսեցինք սրանց համոզել, որ Բիթլզ-ը հակասովետական քարոզ չի, ագրեսիվ չի, խելոք հանգիստ երգեր են և այլն: Ասին` հլա մի հատ նվագեք: Տղեքը ակուստիկ կիթառներ վերցրին, ես էլ` փայտիկներով ծնկներիս վրա խփելով, կատարեցինք Բիթլզի «Help» երգն ու էն մի` արունոտ Ռոք-ընդ-Ռոլը, բայց` քնարական ձևով, քնքուշ ու մելոդիկ երգի վերածած:   Սրանք, իհարկե, Բիթլզից հեչ բան խաբար չէին, տապոռ դեմքով լսեցին, լսեցին, մտածեցին` ոնց որ վտանգավոր բան չկա, ու ասին` «Լավ, բայց մենակ սրանք կնվագեք»: Ու որ մենք ելույթի ժամանակ «Help»-ը կատարեցինք մեզ դզող դուխով, դահլիճը կենդանացավ, փոթորկվեց ու շիկացավ… Բայց, իհարկե, էդ կատարումից անմիջապես հետո վարագույրը կտրուկ փակեցին, ու դրանով, ասել Կիկաբիձեն, «Կոնչա կինո»…  

Երաժշտությունը մեծագույն իշխանություն է, որ տիրում է մարդկանց սրտներին, ահել թե ջահել: Ու երաժշտությունը ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ է (հիշենք մեծ Ռուբենին. «Իսկ որ փակված է վանդակում դա արդեն երգ չէ»): Այդ պատճառով տոտալիտար իշխանության ձգտող ուժը ԱԶԱՏ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ նայում է որպես մեծ մրցակցի` իր տիրապետության հաստատման ճանապարհին կանգնած խոչընդոտի: Որտեղ երաժշտություն, այնտեղ էլ ազատություն, հետևաբար նաև` ապազոմբիացում ու անհնազանդություն: Ինչքան սիրտդ բաց է ազատ երաժշտության առջև, էնքան այն փակ է բռնակալ ուսմունքի առջև, կրոնական թե կուսակցական:

Մենք ծանոթ ենք կրոնի` ազատ երաժշտության վրա ունեցած հարձակումներին: Հին ու նոր ժամանակներում: Նույնն էլ Սովետի ժամանակ էր. մենակ այնտեղ իսկական կրոնի փոխարեն հանդես էր գալիս մի ուրիշ տեսակի կրոն` Կուսակցություն կոչվող գազոնամկրատը, որ ամեն կերպ ձգտում էր հավատաքննչական աքցանի կամ էլ բոյկոտի ու բլոկադայի մեջ պահել ուղիղ գծից շեղվող երաժշտությունը, լիներ դա ջազ, Բիթլզ, Փինկ Ֆլոյդ, Ռուբիկ, Մեսչյան թե այլ բան… 

Ո՞նց կարող են խավար ու թշնամություն համարվել մարդիկ, որոնք այս բառերն են երգել.

All you need is love
All you need is love
All you need is love, love
Love is all you need
Բա սա.
Imagine no possessions
I wonder if you can
No need for greed or hunger
A brotherhood of man
Imagine all the people sharing all the world.

You may say Im a dreamer,
But Im not the only one
I hope some day youll join us
And the world will live as one.
Բա հլա էս մեկին.
And when the night is cloudy
There is still a light that shines on me
Shine until tomorrow, let it be…
Էլ ես ի՞նչ ասեմ, տղեքը «սաղ ասին»…  Մնացածը` նայեք ու լսեք, լսեք ու նայեք. լավ կլինի` երկու վերսիան էլ: Կրոններն ու կուսակցությունները կգան ու կգնան, իսկ էս երգը կմնա…