Ֆրանսիացի դպրոցականը հոսպիտալացվել է Փարիզի արվարձանում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների հետ բախումից հետո


19:24 , 7 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Փարիզի Սենթ-Ուան արվարձանի լիցեյներից մեկի աշակերտն այսօր հոսպիտալացվել է ոստիկանների հետ ընդհարումներից հետո, որի ժամանակ վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել: Նա մասնակցում էր բողոքի ակցիայի՝ ընդդեմ Ֆրանսիայից օտարերկրացի դպրոցականների արտաքսման: Իրենց անհամաձայնությունն արտահայտելով իշխանությունների գործողություններին՝ աշակերտները բարիկադներով փակել էին ուսումնական հաստատության մուտքը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Ոստիկանները փորձել են քանդել բարիկադներն ու կարգ ու կանոն հաստատել: Այդ ժամանակ նրանց է մոտեցել 10 հոգանոց խումբ: 16-ամյա Էրիանն իբրև թե հարձակվել է ոստիկաններից մեկի վրա, ինչի արդյունքում էլ որոշում է կայացվել արցունքաբեր գազ կիրառել:

Կատարվածից հետո ուսուցիչների մեծ մասը գործադուլ են հայտարարել և հրաժարվել այսօր պարապմունքներ անցկացնել: 

Ֆրանսիական լիցեյներում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են հոկտեմբերից՝ կապված երկրից 15-ամյա աշակերտուհի Լեոնարդայի արտաքսման հետ: Իր ընտանիքի հետ նա արտաքսվել էր Կոսովո՝ այցագրային ռեժիմի խախտման պատճառով: