19:12 , 7 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ Հատուկ քննչական ծառայությունը դեռ չի ստացել Նիկոլ Փաշինյանի դիմումը՝ ավելացնելով, որ նամակը դեռ փոստարկղում է, այն թերևս վաղը աշխատանքային օրվա սկզբին կստանան, կմակագրվի և համապատասխան ընթացք կտրվի:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՔԾ պետին ուղղված գրություն է ուղարկել, որտեղ մասնավորապես ասված է, որ ինքն այցելել է Ձերբակալվածների պահման վայր և հանդիպել նոյեմբերի 5-ի միջադեպի կապակցությամբ ձերբակալված բոլոր 20 անձանց հետ:
Շանթ Հարությունյանը Փաշինյանին տեղեկացրել է, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանը և ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս նաև սպառնալիքներ է տեղացել Շանթ Հարությունյանի որդու հասցեին և նվաստացուցիչ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ըստ Շանթ Հարությունյանի՝ մի խումբ ոստիկաններ այդ ընթացքում իր ձեռքերը բռնած են եղել:
Անձամբ Վ. Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին, ըստ Փաշինյանի, հայտարարել է նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը:
Նիկոլ Փաշինյանը ՀՔԾ պետից խնդրել է իր հայտարարությունը սահմանված կարգի համաձայն քննության առնել և արդյունքների մասին տեղեկացնել իրեն: