Լևոն Զուրաբյանը շուրջ 40 րոպե առանձնազրույց ունենալով Իշխան Զաքարյանի հետ, մի քանի րոպե էլ խոսակցությունը շարունակեց դրսում


19:00 , 7 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շուրջ 40 րոպե առանձնազրույց ունենալով Սերժ Սարգսյանի կողմից ՎՊ-ի պաշտոնում առաջադրված Իշխան Զաքարյանի հետ, մի քանի րոպե էլ խոսակցությունը շարունակեց դրսում՝ լրագրողների ներկայությամբ, իհարկե, ցածրաձայն։

Այնուհետև լրագրողների հարցին, թե լուրջ հարցեր էին քննարկում Իշխան Զաքարյանի հետ, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Մենք ամեն ինչ, ինչ անում ենք, շատ լուրջ ենք անում»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը պնդում է, որ իրենց քննադատությունների պատճառով Վերահսկիչ պալատի մարտավարությունը վերջին շրջանում փոխվել է. «Մենք խոսել ենք ընդհանրապես ՎՊ գործունեության մասին դեռ 2008-ից սկսած և շատ լուրջ խնդիրներ ենք ներկայացրել, oրինակ՝ տեսնում ենք, որ 2008-ի հաշվետվության մեջ կային քանակական, ընդհանրական գնահատականներ, որոնք թույլ էին տալիս հասկանալ, որ պետական բյուջեն թալանվում է: Մենք նկատել ենք նաև, որ այն բանից հետո, երբ ընդդիմությունը խորհրդարանում օգտագործեց այդ թվերը ՎՊ տակտիկան մի քիչ փոխվեց՝ քանակական ընդհանրական գնահատականներից աշխատել են զերծ մնալ երևի այն պատճառով, որ ընդդիմության լեզուն երկար չլինի»:

Լևոն Զուրաբյանը նշեց, թե հենց դրա մասին էլ Զաքարյանի հետ խոսել են. «Ճիշտ է ստացանք հավաստիացումներ, որ նման բան չկա, որ առաջիկա հաշվետվությունների մեջ կներկայացվեն այնպիսի մոտեցումներ, որոնք կհերքեն մեր մտահոգությունը, բայց փաստը մնում է փաստ: Առաջին զեկույցներում մենք տեսել ենք միջինացված գնահատականներ, որոնք հիմնված են պատահական ընտրանքի վրա, ինչը թույլ է տալիս ընդհանուր բյուջեի մսխման, վատնման մասին ընդհանուր գնահատականներ տալ: Հիմա մենք նման ընդհանրական գնահատականներ չենք տեսնում, ինչի մասին մենք խոսեցինք՝ համարելով լուրջ խնդիր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ