Մենք պատրաստվում ենք բացել Հայաստանի հետ սահմանը. Դավութօղլու


15:48 , 7 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք պատրաստվում են բացել Հայաստանի հետ սահմանը և կիրագործեն դա, եթե ստանան Ադրբեջանի համաձայնությունը: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով «Աքշամ» թերթին, Դավութօղլուն նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը:

Հանդիպմանը պատգամավորներից մեկն ասել է, որ թուրք-հայկական սահմանի և երկաթուղային ճանապարհի վրա, որն անցնում է երկու երկրների տարածքով, աշխատանքներ են ընթանում, և հարցրել է՝ արդյոք դա սահմանը բացելու նախապատրաստությո՞ւն է: Դավութօղլուն դրական պատասխան է տվել և ասել. «Եթե մենք կարողանանք ստանալ Ադրբեջանի համաձայնությունը, դա կարող է անակնկալ լինել»:

«Մեր պահանջն այն է, որպեսզի Հայաստանը ազատի Ղարաբաղը: Մենք ակնկալում են առաջխաղացում այդ հարցում: Եթե դա տեղի ունենա, սահմանները կբացվեն, երկաթուղային հաղորդակցությունը կվերականգնվի, կզարգանան հարաբերությունները: Սակայն մենք դա ցանկանում ենք Ադրբեջանի հետ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: