Վարդան Պետրոսյանը չի հարցաքննվել, փորձաքննության եզրակացություն չկա, բայց նրան կասկածում են. Փաստաբանի մտահոգությունները


14:30 , 7 նոյեմբեր, 2013

Վարդան Պետրոսյանը չի հարցաքննվել, փորձաքննության եզրակացություն չկա, բայց նրան կասկածում են. Փաստաբանի մտահոգությունները Panorama.am-ը գրում է.

Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով վթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում Վարդան Պետրոսյանը չի հասցրել որպես վկա ցուցմունք տալ, և այսօր արդեն հայտնի է դարձել, որ նա որպես կասկածյալ պետք է ձերբակալվի: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Պետրոսյանի պաշտպանությունը ստանձնած «Arni LegalAid» փաստաբանական ընկերության ղեկավար, Փաստաբանների պալատի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նշենք, որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, և նա տեղափոխվել էր հիվանդանոց: Այժմ ըստ փաստաբանի, նա գտնվում է «Արմեդ» կենտրոնում, ոստիկանների հսկողությամբ և կասկածյալի կարգավիճակում:

«Տվյալ դեպքում Վարդան Պետրոսյանը կասկածյալի կարգավիճակ ունի, քանի որ նրան ձերբակալելու որոշում է կայացվել: Նոյեմբերի 7-ին, այսինքն` այսօր պետք է որպես վկա գնար հարցաքննության, բայց որոշում կայացրին, որ ինքը ձերբակալվում է: Այսինքն վկայի կարգավիճակում չհասցրեց գնալ ցուցմունք տալ», -փոխանցեց փաստաբանը` պնդելով, որ նրան ձերբակալելու մասին որոշումը բացարձակապես չի պարունակում օրենքից բխող իրավական հիմքեր: 

«Փաստարկներ է ներկայացված, որ նա չի ցանկանում ցուցմունք տալ, չի հայտնում, թե ով է իր փաստաբանը, այն դեպքում, երբ ես քննիչին դիմել եմ, անձամբ տարել եմ Վարդան Պետրոսյանի անձնագիրը, որը քննիչը պատճենահանել է, հայտնել եմ, որ ես եմ հանդես գալու որպես Վարդան Պետրոսյանի փաստաբան: Ասել եմ, որ Վարդան Պետրոսյանը տեղյակ չէ դեպքի հետևանքների մասին, գտնվում է ծանր վիճակում, իրեն խնդրել ենք, որ գոնե մեկ շաբաթ համբերի, որ Վարդան Պետրոսյանը կարողանա ապաքինվել ու ցուցմունք տալ: Ցավոք սրտի, նա համաձայնեց, բայց հետո գնաց ու, փաստորեն, նման որոշում կայացվեց», -իրավիճակը ներկայացրեց փաստաբանը:

Հարցին, թե արդյոք իրենք ծանոթ են վթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, Բաղդասարյանն ասաց, որ արդյունքները դեռ պարզ չեն: «Ձերբակալման մասին որոշման մեջ փորձաքննության արդյունքների մասին ոչինչ չկար: Ես էլ նույն հարցը տալիս էի քննիչին, թե եթե փորձաքննության արդյունքները պատրաստ չեն, ինչո՞ւ են ձերբակալության որոշում կայացնում, բայց քննիչը ոչինչ չէր պատասխանում»,- հավելեց Բաղդասարյանը` տեղեկացնելով, որ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքի «անօրինական» որոշումը ինքը բողոքարկել է դատախազություն:

Պետրոսյանին ձերբակալելու մասին քննչականի որոշումը փաստաբանն անօրինական է համարում, քանի որ այն կազմվել է միակողմանի հարցաքննության հիման վրա և Վարդան Պետրոսյանը գործով չի հարցաքննվել: Հետևաբար, դրանից բխող փորձաքննությունը ևս անօրինական է լինելու:

«Պետք է լսվեին երկու կողմերն էլ` և «Նիվա» մակնիշի մեքենայի մեջ գտնվող անձինք, և Վարդան Պետրոսյանը, այնուհետև դրա արդյունքում ստացված ելակետային ցուցմունքների հիման վրա նշանակվեր դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Եթե մի կողմին են լսել ու մի կողմի տված ցուցմունքի հիման վրա են փորձաքննություն կատարել, ապա բնականաբար եզրակացությունը, ենթադրում եմ, կգա ի վնաս Վարդան Պետրոսյանի, որովհետև նրան չեն ուզեցել լսել քննիչները»,- ներկայացրեց փաստաբան Բաղդասարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ