13:36 , 7 նոյեմբեր, 2013
168.am-ը գրում է.
«Հայկական ժամանակ» օրաթերթը նոյեմբերի 7-ի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց է հրապարակել, որտեղ ԱԺ պատգամավորը հայտարարում է, թե Շանթ Հարությունյանը ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնության է ենթարկվել ոստիկանության պետի և առաջին տեղակալի կողմից:
Մերկապարանոց հայտարարություն՝ սադրանքի ու շանտաժի ավանդական «ձեռագրով», որը քաջածանոթ է մեր հասարակությանը: Նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնի բաժնում եղել են շուրջ չորս տասնյակ բերման ենթարկվածներ, որոնց կեսը ազատ է արձակվել: Նրանցից հայտարարություն անողներ են եղել ու միաբերան պնդել են, որ իրենց նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել:
Նույն ժամանակահատվածում բաժնում ու հարակից տարածքում եղել են հարյուրավոր մարդիկ՝ ոստիկաններ, բերման ենթարկվածների ընկեր-բարեկամները, ԱԺ պատգամավորներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, և ինչպե՞ս է, որ ոչ մեկը չի տեսել, չի լսել, չի արձագանքել բռնություններին:
Կամ հիշյալ պատգամավորն ինչպե՞ս է պատկերացնում ոստիկանության պետի նման արարքն ընդհանրապես… Ավելին. միջադեպի հաջորդ օրը բերման ենթարկվածներին են այցելել ՁՊՎ-ների հասարակական դիտորդների խումբն ու Մարդու իրավունքների պաշտպանի խումբը:
ՄԻՊ-ի դիտորդական խումբը որևէ հայտարարություն չի արել բռնությունների մասին, իսկ ՁՊՎ-ների հասարակական դիտորդների խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է հետևյալը. «Ձերբակալված բոլոր 20 հոգու հետ հանդիպել ենք, զրուցել ենք:
Ոչ ոք կոնկրետ գանգատ չուներ ոստիկանության բաժանմունքի կամ ձերբակալման պահելու վայրից: Ճնշում չի եղել, 100 տոկոս կարող եմ ասել: Որպես իրավապաշտպան մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվել, իրենք ասացին, որ ճիշտ է՝ բերման են ենթարկվել, սակայն ոչ մի վատ վերաբերմունք, մարմնական վնասվածք չեն ստացել»: Սուրեն Իսկանդարյանը հավելել է, որ զրուցել է նաև Շանթ Հարությունյանի հետ, ու նա էլ ոչ մի խնդիր չունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ