13:18 , 7 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահեցնում է, որ սոցոլորտի 2014 թ. բյուջետային հատկացումների համար առաջնահերթություն է համարվել աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումը և առաջին հերթին՝ սոցիալապես խոցելի խմբերին տրամադրվող սոցիալական տարբեր աջակցության ծրագրերի ֆինանսավորման ավելացումը։
«Այդ առումով 34 մլրդ դրամ նախատեսված է կենսաթոշակների ավելացման համար, աշխատավարձերի ավելացումների մասով նշվել է արդեն, (աշխատավարձերի բարձրացման համար պետբյուջեով 36,6 մլրդ դրամ լրացուցիչ ծախս է նախատեսվում) այսինքն՝ հիմնականում հենց սոցիալական ծրագրերի, սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված միջոցներն են ավելացել 2014 թվականի պետբյուջեի նախագծով»,- մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց նախարարն ու ավելացրեց, որ բյուջեով նախատեսված ծրագրերն առաջին հերթին ազդեցություն են ունենալու աղքատության մակարդակի վրա:
«Մի դեպքում մենք խոսում ենք աշխատող աղքատների հնարավորինս բացառման մասին, մյուս դեպքում՝ կենսաթոշակառուների, որոնք առաջին հերթին ենթակա են աղքատության ռիսկի, հատկապես՝ ցածր կենսաթոշակ ստացողները, այդ պատճառով նախատեսեցինք նաև փոխել կենսաթոշակների հաշվարկման կարգը, որ ամրագրված է օրենքով, որպեսզի այդ հատկացված միջոցներն ավելի շատ ուղղվեն ավելի ցածր կենսաթոշակ ստացողների թոշակների բարձրացմանը, այսինքն՝ հենց հիմնական թիրախն ու ուղղությունը եղել է միջոցներ ուղղել հնարավորինս աղքատ խավերին»,- ասաց նա:
Իսկ թե այդ համատեքստում ի՞նչ նպատակ ունի նաև սոցփաթեթի տրամադրումը պետական պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց, նախարարը բացատրեց. «Խոսքը «Պետական պաշտոնատար անձանց աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին է, որով սահմանվում է միասնական աշխատանքի վարձատրության համակարգ, իսկ դա, որպես կանոն, իր մեջ ներառում է երեք կոմպոնենտ. առաջինը հիմնական աշխատավարձն է, բազային մասը, երկրորդը՝ հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և այլն, երրորդը՝ սոցիալական երաշխիքներն են: Ամբողջ աշխարհում ընդունված համակարգ է, աշխատանքի վարձատրության համակարգը: Այդ երեք կոմպոնենտները հիմա նախատեսված են օրենքի նախագծով, որը վերաբերում է ամբողջ հանրային ծառայության համակարգին, այստեղ պետք չէ տարբերակում դնել հանրային ծառայողների մեջ»,- նշեց նա:
Իսկ թե ինչու էր մինչ այդ տարբերակում դրվում, Արտեմ Ասատրյանը պարզաբանեց. «Որովհետև համակարգ գոյություն չուներ մինչ այս, մենք խոսում ենք համակարգ ներդնելու մասին, իսկ համակարգը վերաբերում է աշխատանքի վարձատրության համակարգին»:
Արտեմ Ասատրյանը անդրադառնալով ոլորտում առկա փոշիացումներին ու ստվերին, նախ վստահեցրեց, թե չկա նման բան, հետո ավելացրեց, որ կոռուպցիոն ռիսկեր չեն կարող երբևէ գոյություն չունենալ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ