Նախարար. Միջոցները ողջ տարվա համար են, անհիմն մերժումները կքննվեն


12:20 , 7 նոյեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են համակարգում ֆինանսական միջոցներն առավել նպատակային ծախսելու, ինչպես նաև ոլորտում առկա բացթողումների և անառողջ երևույթների դեմ պայքարի հարցերը։

«Համակարգում շատ անցանկալի երևույթ է նկատվում։ Պետության կողմից անվճար բուժում ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներին մերժում են բժշկական օգնություն ցույց տալ` պատճառաբանելով, թե միջոցները սպառվել են։ Հավաստիացնում եմ, որ յուրաքանչյուր նման դեպք առանձնահատուկ քննարկման առակա կդառնա և մեղավորները խստությամբ կպատժվեն, քանի որ միջոցները նախատեսված են ողջ տարվա համար»,-ասալ է Դերենիկ Դումանյանը։

Նախարարը պահանջել է բուժհաստատություններում հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր հիվանդների նկատմամբ` հայտնելով, որ ստացված դժգոհությունների դեպքում կպատժվեն հիվանդանոցների տնօրենները։

Ան հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ պետական առողջապահական գործակալության պետին հանձնարարվել է առաջարկներ ներկայացնել բուժանձնակազմերի տարբեր կատեգորիաների վարձատրության չափորոշիչների վերանայման վերաբերյալ` նպատակ ունենալով հասնել աշխատանքի առավել հավասարաչափ բաշխման և սոցիալական արդարության ապահովման։

Նախարարության ստորաբաժանումների և առանձին ծառայությունների ղեկավարներին Դերենիկ Դումանյանը հանձնարարել է վերլուծությունների հիման վրա, ըստ առանձին ոլորտների ֆինանսական միջոցների արդյունավետ և թափանցիկ ծախսման, վերահսկման գործող մեխանիզմների ներդրման ծրագրեր մշակել։ Հետագայում դրանք կամբողջացվեն` դառնալով մեկ միասնական ծրագիր։