11:58 , 7 նոյեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Նոյեմբերի 22-ին կմերկնարկի ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի եվրոպական շաբաթը, ինչից անմասն չի լինի նաև Հայաստանը: Առաջին անգամ է Հայաստանում լինելու այս ծրագիրը, իսկ ՄԻԱՎ-ՁԻԱՀ ցուցանիշները մեր երկրում նախորդ տարիների համեմատ արագ տեմպերով աճել են:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի Արևելյան տարածաշրջանի երկրներում խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման արդյունավետ ռազմավարության ազգային ծրագրերի ղեկավար Աշոտ Գևորգյանը հայտնեց, որ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի եվրոպական շաբաթվա ընթացքում բոլոր կազմակերպությունները մոտիվացնելու են քաղաքացիներին ՄԻԱՎ տեստ հանձնել, որպեսզի կանխվի հիվանդության տարածումը:
ՄԻԱՎ-ՁԻԱՀ միջազգային ալյանս ծրագրերի տնօրեն Լեսիա Խմելն էլ ասաց, որ հետխորհրդային երկրներում իրավիճակն անհանգստացնող է: Աշոտ Գևորգյանը հայտնեց, որ Հայաստանում մեծամասնությունը վարակվել է արտագնա աշխատանքի ընթացքում, դա կազմում է վարակվածների 70 տոկոսը, վարակվածների 30 տոկոսն էլ կանայք են: «Չկա միջպետական ծրագիր, որ միգրատներին հնարավորություն տրվի Ռուսաստանում անվճար հետազոտում և բուժում անցնեն»,- ասաց նա:
Աշոտ Գևորգյանը նշեց, որ առաջնային խնդիրներից է հետազոտման հասանելիությունը: Գոյություն ունի արագ տեստ սարք, որը մոտ 99 տոկոս ճշգրտությամբ ցույց է տալիս ՄԻԱՎ կարգավիճակը, բայց դա Հայաստանում դեռ չի գործում: Հին մեթոդներով են հետազոտում, որը մոտ մեկ շաբաթ է տևում:
Առկա է նաև չբացահայտված դեպքերի մեծ քանակության խնդիր: Վարակվածների կեսից ավելին չգիտի, որ վարակակիր է. «Խնդիրն այն է, որ մարդկանց հասանելի չէ հետազոտումը կամ տեղեկատվության պակաս կա»: Մյուս հարցը ֆինանսավորումն է, և, ըստ բանախոսների, եթե պետության կողմից ֆինանսավորում չլինի, խնդիրը կմեծանա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ