11:13 , 7 նոյեմբեր, 2013
Կոնֆուցիոսն ասում էր. «Աստված չանի ծնվել փոփոխությունների դարաշրջանում», և այս իմաստության ողջ խորությունը մենք մեզ վրա զգում ենք արդեն շուրջ երեք տասնամյակ: Փոփոխություններն այնքան խորն են ու բազմաբովանդակ, որ փոխվել է ամեն ինչ՝ աշխարհագրական սահմաններից մինչև արժեհամակարգային սահմանները, մարդու ու քաղաքացու արժեքից մինչև կենսական անհրաժեշտության ապրանքների արժեքները... և այս թոհուբոհի մեջ ամեն ինչ այնպես է խառնվել ու արժեզրկվել, որ այսօրվա դրությամբ անգամ մանր խուլիգանությունը ընկալվում է որպես հեղափոխություն, իսկ իրական հեղափոխությունը՝ քաղաքական-տնտեսական բարեփոխում:
Հիրավի, եղե՞լ է արդյոք հեղափոխություն վերջին 30 տարիների մեջ: Եղել է և այն կոչվեց «Պերեստրոյկա», իսկ դրան հետևած բոլոր իրադարձությունները ուղղակի հետևանքներ էին այդ հեղափոխության: Հեղափոխության, որը ոչ միայն փոխեց ԽՍՀՄ-ը, այլև դրա վերջը տվեց, պայթեցրեց ներսից, իսկ դրա բեկորներում ձևավորվեցին նոր քաղաքական վերնախավեր, որոնք այդ պայթյունը ներկայացրեցին որպես հենց իրենց հեղափոխություն, հայտարարեցին անկախություն և, որպեսզի պահի զավեշտը ավելի պատկերավոր լիներ, Ռուսաստանն էլ հայտարարեց իր անկախության մասին` չնայած ոչ ոք չէր հասկանում, թե ումից էր անկախանում Ռուսաստանը:
Հետո հեղափոխությունները էլ ավելի տեղայնացան ու էլ ավելի անլրջացան: Հետխորհրդային տարբեր երկրներում դա յուրովի ու տարբեր արագությամբ էր արտահայտվում, բայց դինամիկան ընդհանուր առմամբ նույնն էր, և որքան ավելի շատ ժամանակ էր անցնում, այնքան ավելի շատ էր հնչում այս սակրալ բառը, այնքան ավելի շատ ուժեր էին սկսում հանդես գալ` որպես նոր ու ճիշտ հեղափոխության ջատագովներ: Դասական օրինակներ են Վրաստանը, Ուկրաինան, Ղրղզստանը և, ինչո՞ւ ոչ, նաև մեր Հայաստանը: Ամենատխուր օրինակը այս առումով Ղրղզստանն է, որտեղ, ինչ որ մի պահ, տարին մեկ հերթական հեղափոխությունն էր լինում, և դա բերեց լուրջ ազգամիջյան բախումների Օշում, սակայն ղրղզների դարդերը ղրղզներինն են, իսկ մեր մոտ միանգամայն այլ պատկեր է:
Մեզ մոտ իշխանությունները ատամներով են կառչում իրենց գահից. Տեր-Պետրոսյանի օրոք հեղափոխություն չկարողացավ անել Վազգեն Մանուկյանը, Քոչարյանի օրոք ձախողվեցին Դեմիրճյան հայրն ու որդին, Սերժ Սարգսյանի օրոք ձախողվեց Տեր-Պետրոսյանը, հետո էլ Րաֆֆին... և այսպես շարունակ: Հիմայի հեղափոխություն, Բարևի հեղափոխություն, Րաֆֆու հեղափոխություն, ժողովրդական հեղափոխություն, ազգային հեղափոխություն... հեղափոխությունների շտամպերն արդեն այնքան շատ են, ասես հեղափոխությունը սուպերմարկետի ապրանք լինի, որը ներկայացված է տարբեր բրենդերից, բայց, եթե նայում ենք հայսատանյան հեղափոխությունների գենեսիսին, ապա տեսնում ենք, որ դրանք գնալով ավելի ու ավելի վտիտ են դառնում, ավելի անբովանդակ ու անկազմակերպ, իսկ դրանց գլխին կանգնել փորձողները՝ ավելի «մանր», և այս ամենի տխուր կուլմինացիան, թերևս, Շանթ Հարությունյանի երեկվա հերթական հեղափոխությունն էր, որն, ինչպես դիպուկ որակվել էր հոդվածներից մեկում, ապրեց ընդամենը 20-25 մետր:
Հեղափոխությունը դիլետանտի բան չէ, հեղափոխությունը պարզ բան չէ ու մեծ հաշվով հեղափոխությունն ինքնին լավ բան չէ, լավը կարող են լինել հեղափոխության հետևանքները, բայց դա հազվադեպ երևույթ է: Հազվադեպ երևույթ է նաև հեղափոխությունը, այ բայց հեղափոխության ու հեղափոխականների տնազներ, ինչքան ուզես կան ու դրանք միայն շատանալու են, որովհետև ժամանակներն են այդպիսին, որովհետև իսկական հեղափոխությունը՝ Պերեստրոյկան էր այդպիսի արդյունքների վրա հաշվարկված, որովհետև հիմա էլ Կրոմվելների, Ռոբեսպյերների, Նապոլեոնների, Լենինների, Չէ Գևարաների ու անգամ Գորբաչովների դար չէ. հիմա անդեմ, անանուն ու անբովանդակ կեղծ հեղափոխականների և կեղծ հեղափոխությունների դարն է: