«Ժողովուրդ». Արագաչափերի տեղադրման 9 մլն 849 հազար եվրոյի ներդրումները փոխհատուցվել են ընդամենը մեկ տարում


09:28 , 7 նոյեմբեր, 2013

«Մինչև տարեվերջ արագաչափերի և տեսանկարահանող սարքերի արձանագրած տուգանքներից գանձվող գումարը կավելանա առնվազն մեկուկես մլրդ դրամով՝ ելնելով նրանից, որ այս տարվա 9 ամսվա ընթացքում 4 մլրդ 177 մլն 600 հազար դրամի տուգանք է գանձվել քաղաքացիներից։ Այսպիսով՝ մեկ տարվա կտրվածքով այս սարքերը մոտ 6 մլրդ դրամի եկամուտ կապահովեն, որից ընդամենը 1.8 մլրդ-ն կգնա ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ, իսկ մնացած 4.2 մլրդ դրամը կմտնի բիզնեսի սեփականատիրոջ գրպանը։

Ինչպես «Ժողովուրդ»–ին տեղեկացրին ոստիկանության լրատվության վարչությունից, մինչև 2036թ. ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող վարչական շենքը հատկացվել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին՝ վերջինիս և ՃՈ-ի միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան։ Փաստորեն, եկամտաբեր այս բիզնեսը 24 տարի շարունակ ուրախացնելու է տիրոջը, ում ինքնության մասին ո՛չ ոստիկանությունն է տեղեկություն տալիս, ոչ էլ որևէ այլ պաշտոնական աղբյուր։

«Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որը պայմանագրային պարտավորություն է ստանձնել մինչև 2017թ. մոտ 9 մլն 849 հազար եվրոյի ներդրում իրականացնել, 25 տարվա պայմանագիր է կնքել, և ստացված տուգանքների 70%-ն ինքն է վերցնում իր ներդրած գումարը հետ ստանալու նպատակով։ Պարզագույն թվաբանությունը, սակայն, ցույց է տալիս, որ հիշյալ 9 մլն 849 հազար եվրոն մեկ տարվա ընթացքում արդեն հատուցվել է, իսկ գալիք տարվանից էլ ընկերությունը տարեկան առնվազն 6-7 մլն եվրո եկամուտ կստանա՝ դրա դիմաց իրականացնելով 0 դրամի ներդրում»,–գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։