04:34 , 7 նոյեմբեր, 2013
Նոյեմբերի յոթը շրջադարձային օր է համաշխարհային պատմության մեջ. Ռուսաստանում հաստատվեց բոլշևիկյան դիկտատուրա։
Շուտով սոցիալիզմի ռուսական կամ բոլշևիկյան մոդելն ընդհանրական դարձավ կամ պարտադրվեց ավելի մեծ թվով երկրների։
Ես որպես մարդ, քաղաքական գործիչ, ձևավորվել եմ հակասովետական, հակակոմունիստական միջավայրում և օրվա հետ կապված գնահատականներս, բնականաբար, սուբյեկտիվ կլինեն։
Սովետական հասարակությունը հռչակված էր՝ որպես հավասարների հասարակություն։ Իրականության մեջ այդ հավասարությունը նույնացվում էր մի նշաձողի, որից վերև չէին կարող բարձրանալ տերության հպատակները, ասել կուզի՝ հռչակված «հավասարությունը» մարդու ազատությունը, քաղաքացիականությունը խեղդող զսպաշապիկ էր։
Եթե մարդն ազատ չէ, նա չի կարող բարեկեցիկ կյանքով ապրել, երջանիկ լինել։
Ազատությունից զուրկ մարդը նման է ընտրությունից զրկված, ճաղավանդակում գտնվող կենդանու, որի բարեկեցության հարցը թողնված է բացառապես տիրոջ քմահաճույքին։
Այսպիսին էր սովետական իրականությունը, որի չգոյությունն ինձ ուրախացնում է։
Ինձ համար նոյեմբերի յոթը տոնական չէ և ավելի շատ նույնանում է խավարի հետ։
Ես լույս եմ սիրում և ուրախ կլինեմ, որ պատմության այս օրվա թերթիկը հնարավորինս արագ անհետանա օրացույցից…