22:32 , 6 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Նախորդ տարի Հայաստանում առաջին անգամ մեկնարկած The Voice միջազգային նախագիծը շատերին ինքնադրսևորվելու հնարավորություն տվեց, շատերը դժգոհ հեռացան նախագծից: Այս նախագծում մասնակիցների ընտրության միակ չափանիշը ձայնն է՝ անկախ մարդու արտաքին տվյալներից, ինչպես նաև չկան սահմանափակումներ պրոֆեսիոնալների և ոչ պրոֆեսիոնալների համար: Չկան նաև տարիքային սահմանափակումներ: Այս տարի ընտրված չորս մարզիչներն են՝ Հայկոն, Շուշան Պետրոսյանը, Քրիստինե Պեպելյանը և Միքայել Պողոսյանը, ովքեր 130 մասնակիցներից պետք է, ընդհանուր առմամբ, ընտրեն 40 լավագույններին: Առաջին՝ «Կույր լսումների» փուլն ավարտվեց, որից հետո «Առաջին լրատվական»-ը զրուցեց Քրիստինե Պեպելյանի հետ:
- Քրիստինե, «Կույր լսումներն» արդեն անցյալում է, յուրաքանչյուր մարզիչ ունի իր թիմը: Եթե ամփոփենք առաջին փուլը, որքանո՞վ հնարավոր եղավ օբյեկտիվ քվեարկություն իրականացնել:
- Մի քանի օր տևած «Կույր լսումների» ժամանակ երգեցին 130-ից ավելի մասնակիցներ: Յուրաքանչյուր մարզիչ ուներ իր առջև դրված առաջադրանք՝ տասը հոգուց բաղկացած թիմ կազմել: Սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ կային սահմանափակումներ, և մարզիչները նպատակ էին դրել ունենալ տարբեր ժանրի կատարողներ իրենց թիմում, որ կարողանային հետագայում ներկայացնել գեղեցիկ ու հետաքրքիր շոու: Այս պահին մեր առջև դրված առաջադրանքը կարող ենք մեծ մասամբ կատարված համարել: Իհարկե, եղան շատ լավ մասնակիցներ, ովքեր նախագծից դուրս հայտնվեցին, բայց եթե կա սահմանափակում, նշանակում է, պետք է նաև նման իրավիճակներ էլ լինեն:
- Ի՞նչ չափանիշներով էիք առաջնորդվում ընտրություն կատարելիս:
- Փորձում էինք հնարավորինս բազմաժանր թիմ ձևավորել: Այսինքն՝ եթե կատարողը ունի հետաքրքիր ջազային մոտեցում կամ հետաքրքիր տեմբր, բայց ես նմանատիպ ձայն արդեն ունեի իմ թիմում, բնականաբար քիչ էր այն հավանականությունը, որ նրան էլ պետք է վերցնեմ, որովհետև այստեղ կար թիմ ձևավորելու առաջադրանք: Մենք նախապատվությունը տվեցինք տարբեր ժանրի մասնակիցներ ունենալուն: Այս նախագծում որևէ մեկը ինքնագործունեությամբ չի կարող զբաղվել, նախագիծն ունի իր հստակ կանոնները:
- Ասում են` Դուք ուշ-ուշ էիք պտտվում, ինչո՞ւ:
- Ես չգիտեմ՝ ինչու էր այդպիսի տպավորություն, միգուցե ես ավելի ուշադիր էի փորձում լսել՝ հասկանալու՝ արդյոք հնարավոր կլինի՞ հետագայում նրանց հետ այլ ժանրի կատարումներ ստանալ: Ամեն մարդ իր մոտեցումն ունի, բայց բոլորի դեպքում չէ, որ ես ուշ եմ պտտվել: Միգուցե եղել են մարդիկ, որ ուշ եմ պտտվել, եղել են մարդիկ, որոնց համար առաջինն եմ պտտվել:
- Կա՞ր ձայն, որի համար ափսոսում եք, որ բաց թողեցիք:
- Իհարկե, կան: Շատ շնորհալի մարդիկ են եղել, ովքեր ինչ-ինչ պատճառներով մրցույթից դուրս են հայտնվել, որովհետև ինչ-որ բան խանգարել է իրենց, որ հնարավորինս հավաքված և գեղեցիկ ելույթ ունենան: Եղել են մարդիկ, որոնց ընտրած երգը չի ցույց տվել իրենց վոկալային տվյալները, և երբ խնդրել ենք մեկ այլ կատարում ակապելա կամ մեկ ուրիշ բան մրցույթից դուրս կատարել, այնքան ճիշտ, այնքան լավ կատարում են ընտրել ճիշտ երգելու համար: Իրենք հասկացել են, որ երգի սխալ ընտրություն են կատարել: Եվ այդ առումով մի քանի շատ վառ անհատականություններ են եղել, որոնք դուրս են մնացել նախագծից, բայց մեզնից յուրաքանչյուրն էլ կուզենար ունենալ իր թիմում: Ասեմ, որ մեր երկիրը այդ առումով բացառություն չէ, բազմաթիվ երկրներ կան, որտեղ նման օրինակներ կան. մարդիկ փայլուն տվյալներ ունեն, բայց դուրս են մնում, որովհետև կամ կատարումն էր սխալ, կամ մարզիչը իր թիմում նմանատիպ ձայն արդեն ուներ, այսինքն՝ պատճառները շատ-շատ են: Եղել են մարդիկ, որոնք նախագծից դուրս են մնացել, բայց որոնց այնքան է սիրել ժողովուրդը, այնքան լավ մտքեր է ասել, այնքան բուռն է եղել չանցած մասնակցի քննարկումը, որ արդեն ճանաչված է դարձել:
- Ի՞նչ սպասելիքներ ունեք Ձեր թիմից:
- Իհարկե, ձևն այնպես է, որ պետք է ամեն մեկս մեր թիմը առանձնացնենք, բայց ես իմ թիմը մյուսների թիմից չեմ ուզում առանձնացնել: Այստեղ մասնակիցներ են, ովքեր ներկայացնում են գեղեցիկ շոու, գեղեցիկ երեկո, և ես ուզում եմ լինի շատ գեղեցիկ տոնական մթնոլորտ «Հայաստանի ձայնե-ի ամբողջ ընթացքում, որովհետև սա իսկապես երաժշտական տոն է բոլորի համար: Անկախ նրանից՝ ով կդառնա Հայաստանի ձայնը, իմ, թե գործընկերներս թիմից կլինի, ես իսկապես ուզում եմ, որ լինի մեր շոուի լավագույն մասնակիցը: Եվ թող այդպես էլ լինի, ինձ համար չկա ինքնանպատակ, որ պարտադիր իմ թիմից ինչ-որ մեկը պետք է լինի, թող լավագույնը հաղթի:
- Տաղանդավորների առումով ա՞յս, թե՞ առաջին «Հայաստանի ձայն»-ն էր ավելի հարուստ:
- Ճիշտն ասած, նախորդ սեզոնի նախընտրական փուլին շատ չեմ հետևել և եթե անկեղծորեն ասեմ՝ միգուցե շատ տեղեկացված չեմ եղել «Կույր լսումներից», իսկ այս տարի ես շոուի մի մասն եմ, և բնականաբար ավելի ուշադիր եմ: Վստահաբար նախորդ տարի էլ կային շատ վառ կերպարներ, շատերը հիշվել են, և վառ ապացույցն էլ Հայաստանի հաղթող ճանաչված ձայնն էր` Մերի Մնջոյանը, իսկապես շնորհալի ձայնով, լավ տեմբրով աղջիկ դարձավ «Հայաստանի ձայնը»: Ասում են, որ այս տարի վառ մարդիկ մի քիչ ավելի շատ են, և դիմորդներն էլ են մի քիչ ավելի շատ եղել:
- Քիչ չէին տաղանդավոր, բայց մրցույթից դուրս մնացած մարդիկ: Առհասարակ վիրավորվա՞ծ են գնում, թե՞...
- Ես չեմ կարծում, որ վիրավորված են գնում: Շատերը, ովքեր մրցույթից դուրս են մնացել, շարունակում են գալ, կապի մեջ լինել: Ընդհանարապես սա այն աշխարհն է, որտեղ անսպասելի բաներ շատ են լինում, և ես չէի ուզենա, որ որևէ մեկը ընկճվեր, չէի ուզենա, որ ինչ-որ բան փոխվեր իրենց կյանքում, որովհետև եթե մարդը իր կոչումով երաժիշտ է և իսկապես ծառայում է այդ աշխատանքին, իրեն ոչ մի բան չի խանգարելու: Սա իր համար մի փոքր փորձություն պետք է լինի: Որոշ դեպքերում իրենք են հուզված եղել, միգուցե մենք էլ մեր բացթողումներն ենք ունեցել, ոչ մեկն անսխալ չէ: Ես կուզեի, որ որևէ մեկի համար սա ճակատագրական չլիներ: Նախորդ «Հայաստանի ձայն»-ից էլ կան մասնակիցներ, որոնք այս կամ այն փուլից դուրս են մնացել, բայց այնքան վառ են եղել, որ միևնույն է, իրենց հիշում են մարդիկ:
- Ըստ Ձեզ՝ ի՞նչ են տալիս մասնակիցներին նմանատիպ նախագծերը: Արդյո՞ք հետագայում ինքնադրսևորման հնարավորություն տալի՞ս են, թե՞ ոչ:
- Խոսենք «Հայաստանի ձայնե-ից, այն Մերի Մնջոյանին տվեց հնարավորություն 18 տարեկանում հանդես գալ մեծ բեմում՝ «Նոր ալիքում»: Շատ մասնակիցների համար սա պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատելու մեծ հնարավորություն է, և այս ամբողջ ընթացքում պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի արդյունքում արվում է ամեն բան, որ իրենք իրենց իրական արտիստ զգան: Տալիս են մասնակիցներին երևալու հնարավորություն, մասնակիցն էլ ինքն իրեն պետք է օգնի իր համար ճիշտ ճանապարհ ընտրելու, ճիշտ ոճի մեջ լինելու համար, այսինքն՝ միայն անընդհատ երգելու և միայն անընդհատ երևալու մեջ չէ հարցը: Մարդիկ պետք է կարողանան ճանաչել տվյալ մարդուն, արտիստին սիրում են իրեն ճանաչելուց հետո: Պետք է քո մարդ տեսակը ճանաչեն, որ շփվեն քեզ հետ, դրա համար շատ երկար ժամանակ է պետք: Եթե սա քո կոչումը չէ, ոչ ոք չի կարողանալու պահել քեզ այս բնագավառում, իսկ եթե դու ասելիք ունես այս բնագավառում, քո աշխատանքի, քո ջանասիրության, քո փայլող աստղի շնորհիվ մարդիկ քեզ հիշելու ու սիրելու են: