22:20 , 6 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Europolitics պարբերականը հոդված է հրապարակել, որումանդրադարձել է Հայաստան–ԵՄ հարաբերություններին և Մաքսային Միությանն անդամակցելու՝ Հայաստանի որոշմանը: Հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար։
Երբ Եվրոպական հանձնաժողովն ավարտեց Հայաստանի հետ Ասոցացման և ազատ առևտրի մասին բանակցությունները, Ռուսաստանի նախագահը գործի դրեց իր խաղաքարտը: Նա առաջարկեց կովկասյան պետությանը մի բան, որը Եվրոպան չէր առաջարկել: Սամվել Ֆարմանյանը՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահը, բացահայտ ասում է այդ մասին. «Մենք միշտ ասել ենք Եվրամիության մեր գործընկերներին, որ Հայաստանը հավատարիմ է Եվրամիության հետ իր հարաբերությունները զարգացնելու հանձնառությանը, սակայն երբեք ոչ ի վնաս Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության: Եթե հարցը հասնում է ընտրություն կատարելուն, Հայաստանին ոչ մի այլ տարբերակ չի մնում, քան ընտրել իր անվտանգությունը»:
Դեռ սեպտեմբերին, երբ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունեց հայաստանցի իր պաշտոնակից Սերժ Սարգսյանին, նա հրավիրեց կովկասյան այս փոքրիկ հանրապետությանը միանալ Մաքսային Միությանը՝ ռետրո-ոճով նախկին խորհրդային պետությունների տնտեսական գոտի՝ հիմնադրված 2009 թվականին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից: Սարգսյանն այդ ժամանակ ասաց «այո»:
«Ես ցնցված էի»,- խոստովանում է Նաիրա Զոհրաբյանը՝ Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովից մի քանի շաբաթ առաջ Հայաստանի մայրաքաղաք Երևանում տրամադրությունը մռայլ է: Ենթադրվում էր, որ գագաթնաժողովը կհաստատի Արևելյան Գործընկերությունը և Հայաստանին ավելի կմերձեցնի Եվրոպական Միությանը, Վրաստանի, Մոլդովայի և առաջին հերթին Ուկրաինայի հետ միասին: «Ինձ համար ցավալի է տեսնել, որ մեր համագործակցությունը թուլացել է,- ասում է Զոհրաբյանը, որը պրո-բիզնես, նախկին իշխող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջատար անդամ է: «Մեր տեղը Եվրոպական ընտանիքում է»:
Բրյուսելն արագորեն մերժեց Երևանի որոշումը. ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նախազգուշացրել էր, որ Ռուսաստանի Մաքսային Միությանն անդամակցությունը անհամատեղելի է Եվրամիության ասոցացման համաձայնագրի և որպես դրա անբաժանելի տարր հանդիսացող Խորը և համապարփակ Ազատ առևտրի գոտու պայմանագրի հետ: Դիվանագիտությունը, այնուամենայնիվ, այլ դաս է ցույց տալիս. Հայաստանը, փաստացի դեռ պատերազմի մեջ գտնվելով հարևան Ադրբեջանի հետ, շրջափակված Թուրքիայի կողմից և կախված Ռուսաստանից իր անվտանգության և էներգիայի մատակարարման հարցերում, երբեք չպետք է գոյատևման և ԵՄ-ի հետ հազարէջանոց ասոցացման համաձայնագրի միջև ընտրություն կատարելու դրության մեջ դրվեր:
Վիլնյուսի հայտարարության սևագիրը դատարկ տեղ է թողնում Հայաստանի համար: Երկու կողմերը հավասարապես կորուստ են կրում այն բանից, որ չորս տարի տևած հաջողությամբ ընթացող բանակցությունները Բրյուսելի և Երևանի միջև կարող էին ավարտվել առանց արդյունքի: Այժմ, հայերը ցանկանում են հասկանալ, թե ապագայում ինչ է իրենց սպասվում։ Երևանում ՀԿ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքական գործիչներն ընդունում են, որ Ռուսաստանը, Բելառուսը կամ Ղազախստանը՝ Մաքսային Միությունում ապագա գործընկերները, պետականաշինության այն մոդելները չեն, որ Հայաստանը փնտրում է: «Այդտեղ ներուժ չկա»,- ասում է նրանցից մեկը:
Այնուամենայնիվ, ոմանք ձևացնում են, թե իրականում դա այդքան էլ վատ բան չէ և գովերգում են Մաքսային Միության առավելությունները: «Մեր ապրանքներն ավելի էժան կլինեն»,- վստահեցնում է Հերմինե Նաղդալյանը՝ Ազգային Ժողովի փոխնախագահներից մեկը: Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության կեսը կախում ունի Ռուսաստանից: Սակայն, 2012 թվականի առևտրաշրջանառության տվյալները ցույց են տալիս, թե կովկասյան այս հանրապետությունում որքան է մեծացել Եվրամիության մասնաբաժինը. Հայաստան ներմուծված ապրանքների 24,5%-ը Եվրամիությունից է, համեմատած՝ ԱՊՀ երկրներից և Վրաստանից կատարվող 30,4%–ի ներդրումների հետ։ Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանումը հասել է 35,4%-ի՝ շատ ավելի, քան ԱՊՀ երկրներ՝ 21%:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ