23:18 , 6 նոյեմբեր, 2013
Ես ձեզ ասում եմ, կգա ոգու սով...
Ա. Իսահակյան
Գաղափարական վակումի, արժեքային բևեռների խախտման մասին քննարկումները մեր նորանկախ պետության ստեղծման օրից դարձել են հանրության մշտական ուղեկիցը: Դատելով մեր հասարակության այսօրվա հոգեվիճակից՝ դրանք դեռ երկար են շարունակվելու: Այն, որ այսօր գրեթե ողջ մարդկությունն է կանգնել նման խնդրի առաջ, ամենևին էլ չի մեղմացնում հարցի լրջությունը: Գաղտնիք ու նորություն չէ, որ մենք այսօր կանգնած ենք արժեհամակարգային լուրջ ընտրության առաջ: Գաղտնիք ու նորություն չէ նաև այն, որ մենք այսօր ունենք հսկայական բաց, որ փորձում են լցնել նրանք, ովքեր չունեն դրա բարոյական, թե կուզեք, նաև պատմական իրավունքը: Բաց, որ գոյացել է բոլոր ոլորտներում – քաղաքական, կրթական, մշակութային, տնտեսական, բարոյահոգեբանական: Վերջինս, կախված առաջինների խորացումներից, գնալով ավելի ճնշող է դառնում: Թե հնարավոր լինել չափել, ապա կպարզվեր, որ մեր հասարակությունում լարվածության ու ագրեսիայի մակարդակը գերազանցել է բոլոր թույլատրելի ցուցանիշները: Մի ողջ ժողովուրդ ապրում է շուրջօրյա սթրեսային վիճակում: Սա արդեն պայթունավտանգ է: Դրա տառացի ապացույցներից մեկն Ազատության հրապարակում «հայ հեղափոխական հանճարի խաղաղ երթն» էր: Այն, ինչ տեղի ունեցավ Երևանի սրտում, մի կողմից օրինաչափ էր, մյուս կողմից, տագնապալի:
Օրինաչափ էր այն առումով, որ ի տարբերություն այդքան փնովված խորհրդային ժամանակների, երբ գաղափարական ճնշումն հսկայական էր, մենք արդեն մոտ 20 տարի է, ապրում ենք գաղափարական ու արժեքային դատարկության պայմաններում: Որքան էլ վերամբարձ հնչի, բայց այդ տարիներին ազգի խիղճն արթուն էր: Քնած չէին նաև ազգային արժանապատվությունն ու ազգային ինքնագիտակցությունը: Գրեթե վստահաբար կարելի է ասել, որ մեր ծնողների բախտն ինչ-որ բանում բերել է. նրանք կարող էին հանգիստ լինել, որովհետև ապրում էին այնպիսի հանճարների կողքին, ովքեր իրենց ազգասիրությամբ, իրենց նվիրումով, իենց մտքի ու խոսքի ուժով, կարող էին շատ հարցերում զորավիգ լինել ժողովրդին: Իսահակյանը, Շիրվանզադեն ու շատ ուրիշներ, մի կողմ թողնելով քաղաքական հայացքները, մնացին հայ ժողովրդի ու Հայաստանում ձևավորված խորհրդային իշխանության կողքին: Զգացին, հասկացան, որ պետք են, որ աստվածային շնորհն իրենցը չէ, այլ պետք է ծառայի համայն հայությանը: Իսկ այսօր մենք ի՞նչ ունենք: Ինտելեկտուալ արտագաղթը հասցրել է նրան, որ հանրությունը բարոյապես բզկտված է ու գրեթե անուժ: Ազգն ուժեղ է նաև իր մտավորականներով, իր մշակութային գործիչներով: Իսկ նրանց մեծ մասը վաղուց լքել է իր ժողովրդին, նրանք էլ, ովքեր այստեղ են, այն պայմաններում են, որ ի վիճակի չեն որևէ քայլ անել:
Մասամբ, թերևս նույնիսկ հիմնականում, այս գաղափարական դատարկության համար պատասխանատու է նաև մեր լուռ մտավորականությունը: Սակայն, մեղքի մեծ բաժին ունենք նաև մենք՝ նրանց ձայնազուրկ դարձրած հասարակությունը: Երբ մտավորականությունը լռում է, նրա գործն սկսում են անել նրանք, ովքեր չեն վաստակել այդ իրավունքը, այլ սոսկ վերագրում են այն իրենց: Այդ պղտոր ջրում ձուկ որսացողները ոչ ազգի ցավով են տառապում, ոչ էլ հայրենանվեր գործունեության ծարավ են: Նրանց միայն իրենց որսն է հետաքրքրում: Ու մենք հաճույքով վերածվում ենք որսի: Նման բխտախնդիր «որսորդ» էր նաև Ազատության հրապարակում դիմակավորված «հեղափոխության» առաջնորդը: Մարդ, ով դաստիարակվել է մի «հայի» կողմից, ով գործ չունի «էդ երկրի» նախագահի հետ, ու իր նախկին հայրենիքից բողոքելու է օտար երկրի ղեկավարի՝ ի դեմս ԱՄՆ նախագահի: Թե ինչ կապ ունի վերջինս, Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման ու դրա կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հետ, մնում է հարց: Իսկ այն, որ տեղի ունեցածը, ավազակային հարձակում էր հիշեցնում, անկասկած է – դիմակներով հեղափոխություն չեն անում, դիմակներով թալանում են, որ հետո չճանաչվեն: Հեղափոխություն անելու իրավունքը պետք է դեռ վաստակել: Հեղափոխության գնալուց առաջ, պետք է հասկանալ, որ ամենակարևորը վերջում բաց ճակատով ժողովրդի աչքերին նայելու համարձակությունն է: Հետևել մի մարդու, ում հայրն հայտարարում է, որ «էդ երկիրը, արդեն դատապարտված ա վերանալու և որ որևէ շարժում անգամ չի օգնի» ... Ահա, թե ովքեր են հավակնում լցնել բացը: Ահա ովքեր են խոսում, երբ լռում են մտավորականները, լռում են մշակութային գործիչները: Ասենք, ճշմարտության դեմ չմեղանչելու համար, մի փոքր շեղվենք ու նշենք, որ այս տարի մեր մտավորականությունը մեզ «պատվեց» ու հիշեցրեց իր ներկայությունը: Տխուր ու ցավալի էին գրողների ու կոմպոզիտորների միություններում տեղի ունեցած ընտրությունները, որոնք գրեթե հուսահատեցնող էինն: Եթե արդեն այնտեղ են քաղաքական ընտրությունների բոլոր կանոններին համապատասխան «ընտրաշուներ» տեղի ունենում, եթե արվեստի նվիրյալները, իրենց կոչումը մոռացած, աթոռակռիվ են տալիս, ապա բարոյահոգեբանական իրավիճակն իրոք աղետալի է:
Նրանք գոնե պետք է զտեին հասարակության մեջ ամեն նեգատիվն ու սթրեսածինը... Հավանաբար, ֆիլտրն իրոք ախտահարվել է այն աստիճանի, որ դժվար է որևէ բան անել: Այնուամենայնիվ, որևէ բան անելու մտադրությամբ՝ բաց նամակով հանդես եկան իրենց համընդհանուր հայկական համայնքի ներկայացուցիչ համարող մի խումբ օտարերկյա հայազգի արվեստի գործիչներ: Նրանք պահանջում էին հարգել ու պաշտպանել իրենց նույնասեռական եղբայրների ու քույրերի իրավունքներն ու շահերը: Շատ տեղին ու մեր երկրի համար կենսական, այսօրեական մտահոգություն: Եթե չլիներ կասկածը, որ նրանք մտահոգվում են զուտ այն բանի համար, որ չհամարվեն անհանդուրժողական, «եվրոպական բարձր արժեքներից դարերով ու կիլոմետրերով հետ մնացած» մի ազգի զավակներ, որի համար նրանք հետո կարող է և ամաչեն, կարելի էր հավատալ նրանց միամիտ անկեղծությանը: Հակառակ դեպքում անբացատրելի է նրանց լռությունը Հրանտ Դինքի սպանության ժամանակ, հայ զինվորի կացնահարման ու մարդասպանի հերոսացման ժամանակ, արդեն մի քանի ամիս գերության մեջ գտնվող մեկ այլ հայ զինվորի ճակատագրի հարցում, Հայաստանում տիրող բոլոր առումներով խիստ ծանր իրավիճակի հարցում: Իսկ այս պարագայում նրանց կարող ենք խորհուրդ տալ միանալ հեղափոխականի հորն ու «էդ երկրի» դեմ մի լավ բողոք գրել իրենց հարազատ երկրների ղեկավարներին: Այլապես ինչպես կարող են ապացուցել իրենց առաջադեմ լինելը: «Իմ հայրենիք»-ը կամ «իմ պետություն»-ը սովորական բառեր դարձնելու իրավունք չունի որևէ մեկ հայ – լինի սփյուռքում թե տանը: Իմ հայրենիք ասելուց առաջ պետք է, ինչպես ասում էր դանիացի փիլիսոփան, գիտակցել, որ այն քոնն է միայն ու միայն այնքանով, որքանով, որ դու ես նրանը: Իսկ այսօր մենք մեր ձեռքով մեր գաղափարներին ու արժեքներին տեր ենք դարձնում նրանց, ովքեր իրենց չեն համարում Հայաստանինն ու հայ ժողովրդինը, իսկ իրենց սրբազան պարտքն են համարում չեղած օտար արժեքների ջատագովությունը:
Միգուցե, Ազատության հրապարակում տեղի ունեցածը կարելի էր համարել անմեղսունակ և իր արածների համար հաշիվ չտվող մեկի արարք ու այդքան ուշադրություն չդարձնել: Բայց վտանգավորն այստեղ այն է, որ այնքան ենք ազատականացել ու եվրոպականացել, որ մոռացել ենք, թե ինչու է այդ հրապարակն այդ անունը ստացել: Հնարավոր ենք դարձրել, որ մեր նորօրյա պատմության այդ հզորագույն խորհրդանիշ դարձած հրապարակում, որ այդպես է կոչվել արյան ու մեծ կորուստների գնով, ամեն ոք իրեն իրավունք վերապահի զենք բարձրացնել իր հայրենակիցների վրա ու հրարհրի բախտախնդրության: