19:23 , 6 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վրաց-աբխազական երկաթգծի վերականգնման աշխատանքները սկսելու համար տեխնիկական բոլոր հնարավորություններն առկա են: Նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց Ռուսաստանի Պետդումայի անդամ Դանիիլ Վոլկովը, ով Երևանում մասնակցում է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին: «Կարծում եմ՝ պետք է սպասենք առավել կշռադատված քննարկումների այս հարցի շուրջ, այդ իսկ պատճառով հիմա դեռ կտրուկ մեկնաբանություններ անել պետք չէ: Կարծում եմ՝ մենք նաև նիստ կունենանք դեռ, որտեղ կքննարկենք այդ հարցը: Այդ իսկ պատճառով չէի ցանկանա, որ սա դառնա ինչ-որ ջրբաժան կամ իրավիճակը սրի: Օրինակ մենք Ռուսաստան-Բելառուս դաշնային պետություններ ենք, բայց որոշ հարցեր դարձյալ ձգձգվում են շուրջ տասնհինգ տարի, այդուհանդերձ՝ մենք դրան ուշադրություն չենք դարձնում: Այս հարցում նույն կերպ պետք է վարվել»,- ասաց նա:
Վոլկովի կարծիքով՝ ներկայում հիմնական հարցը երկաթուղային հաղորդակցության վերականգնման քաղաքական որոշման բացակայությունն է, տեխնիկական բոլոր հնարավորությունները կան: Նա նշեց, որ մի շարք հարցեր սակագների իջեցման շրջանակներում են քննարկվել: Ռուսական կողմից մի քանի առաջարկ է հնչել՝ այս ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ, քննարկվել է երկաթուղու աշխատանքի համատեղ օպտիմիզացման հարցը:
«Մենք ունենք երկաթգծային ուժեր, որոնք պատրաստ են գործի անցնել: Քաղաքական որոշումից հետո, հնարավոր է՝ 2014 թվականի գարնանը, հարցն ավելի առարկայական նորից մտնի օրակարգ և ավելի հստակ լուծում ստանա»,- ասաց նա: