9 բառ, որ բնորոշ է հայերին, սակայն բացակայում է հայերենում


17:56 , 6 նոյեմբեր, 2013

Հայերենն, անշուշտ, աշխարհի ամենաճոխ լեզուներից է, սակայն անգամ հայերենում կան որոշակի բացեր: Ինքներդ էլ նկատած կլինեք, որ մեր առօրյայում կան երևույթներ, որոնք արտահայտելու համար հայոց լեզվում համապատասխան բառ չկա: Բարեբախտաբար, այլ ազգեր հնարել են բառեր, որոնցով արտահայտվում են հայ ազգին բնորոշ մի շարք երևույթներ: Ահա դրանցից մի քանիսը:

 9  Շեմոմեջամո (վրացերեն)

Նշանակությունը`

Տռզելու աստիճան ուտել/կերկոխ լինել 

Այս բառն արտահայտում է մի երևույթ, որ բնորոշ է նաև հայերին: Կան ազգեր, որոնցում անգամ չեն էլ լսել հայերի տոնական սեղանից անպակաս դոլմայի կամ խաշի մասին: Վրացիների հորինած  «Shemomedjamo»-ն տիպիկ բնութագրում այն երևույթը, երբ դու արդեն այնքան ես կերել, որ օրգանիզմդ այլևս ի վիճակի չէ սնունդ ընդունել, ու ստամոքսդ համոզում է քեզ. «Դե բավական է, էլ տեղ չկա», սակայն դու առանձնապես ականջ չես դնում «ստամոքսիդ հորդորներին» ու շարունակում ես ագահորեն «անէացնել» ամանում մնացած չալաղաջի վերջին կտորները:


«Շեմոմեջամոն» հայերի շրջանում հատկապես ակտուալ է հունվար ամսին: Էլ ի՞նչ Նոր տարի, եթե սեղանը «չպայթի» ուտեստների բազմազանությունից: Հետո էլ այնքան կզոռենք հյուրերին, որ փորձեն մեր պատրաստած ուտեստները, որ նրանք էլ կպայթեն այդքան ուտելուց: Մի խոսքով, Նոր տարին մեզ մոտ պայթյունավտանգ տոն է:   

«Շեմոմեջամոյի» ուղիղ թարգմանությունն է «Ես պատահաբար կերա ողջ ուտելիքը»  

 8  Կումերսպեք (գերմաներեն)

Նշանակությունը`

Ավելորդ քաշ, որ առաջանում է էմոցիոնալ վիճակում չափից ավելի շատ ուտելուց:


«Kummerspeck» բառը թարգմանաբար նշանակում է «վշտի բեկոն»: Այս բառը հուշում է, որ տխուր կամ սթրեսային վիճակում մեզանից շատերը նախընտրում են վիշտն ամոքել ոչ թե ալկոհոլի կամ թմրանյութերի, այլ համեղ ուտելիքի միջոցով:

Սովորաբար համարվում է, որ այս երևույթը ավելի բնորոշ է կանանց: Տեսարանն այսպիսին է. բաժանումից հետո գզգզված կինը` հին խալաթը վրան գցած, ագահաբար ինչ-որ բան է ուտում: Սակայն իրականում միայն կանայք չեն, որ նյարդայնացած վիճակում ինչ-որ բան ուտելու ցանկություն են ունենում: Տղամարդիկ ևս հետ չեն մնում նրանցից:  

 7  Հիքիկոմորի (ճապոներեն)

Նշանակությունը`

Դեռահաս կամ մոտ 20 տարեկան երիտասարդ, ով հետ է մնացել հասարակական կյանքից` չափազանց տարվելով հեռուստացույցով կամ համակարգչային խաղերով:


Մեզ հարկավոր է այս բառը, քանզի մեր ազգի մեջ ներկայումս բազմաթիվ պատանիներ ու դեռահասներ տարված են համակարգչային խաղերով:  Գրեթե բոլորի տանն էլ առնվազն մեկ համակարգիչ կա, շատերն էլ ինտերնետ մուտք են գործում իրենց բջջային հեռախոսներից: Ինտերնետ հասանելիություն ունեցող մարդկանցից շատերը խաղում են առցանց  համակարգչային խաղեր: Որոշ մարդիկ այնքան են տարվում համակարգչային խաղերով, որ բոլորովին դուրս են մնում հասարակական կյանքից:  Այսպիսի մարդկանց նկարագրելու համար ճապոներենում գործածվում է «հիքիկոմորի» բառը: Պատահական չէ, որ այս երևույթը բնութագրող բառը ստեղծվել է հենց ճապոնացիների կողմից: Ճապոնիայի բնակչության զգալի մասի համար համակարգչային խաղերը մոլուցք են դարձել: Հարկ է նշել նաև, որ Ճապոնիայում անհավանականորեն շատ են այն երիտասարդները, ովքեր հետաքրքրված չեն սեքսով:  Հոգեբանները համարում են, որ այս համաճարակը` համակարգչային խաղերից կախվածությունը, կապված է հասարակության կողմից գործադրվող ճնշումների ու հաճախակի նվաստացումների հետ:

 6  Գադրի Նոմբոր Շուլեն Ջոնգու  (տիբեթերեն)

Նշանակությունը`

Տալ այնպիսի պատասխան, որը կապ չունի հարցի հետ

«Գադրի նոմբոր շուլեն ջոնգու» բառացիորեն թարգմանվում է «կապույտ հարցին կանաչ պատասխան տալ»: Այս երևույթն ամենից հաճախ հանդիպում է քաղաքական բանավեճերի ընթացքում: Մոտավորախես հետևյալ պատկերն է.  

Հարց. «Ինչպե՞ս եք վերաբերում տրանսպորտի գների բարձրացմանը»:

Պատասխան. «Մեր շախմատի թիմը փայլուն հաղթանակ տարավ` բարձր պահելով Հայաստանի պատիվը միջազգային ասպարեզում»:


Քաղաքականության հին ու բարի օրենքն է. եթե չես հավանում քեզ ուղղված հարցը, ապա պատասխանի՛ր այն հարցին, որը կուզեիր, որ ուղղվեր քեզ:

Այնուամենայնիվ, ջուրծեծոցիով հաճախ զբաղվում են նաև քաղաքականության հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ: Օրինակ, երբ ձեր ընկերը հարցնում է ձեզ, թե արդյոք դուք սիրում եք ինչ-որ երաժշտական խումբ, որի անունը դուք առաջին անգամ եք լսում, փոխանակ խոստովանեք, որ դուք չգիտեք այդ խմբի մասին, դուք հանկարծ հիշում եք, որ այսօր ջրի մարդը եկել էր ու ցանկանում էր ջրաչափի ցուցմունքն իմանալ, երբ անսպասելիորեն լույսերը կտրեցին: Նման անկապ բաներ խոսելով` դուք այլ ուղղությամբ եք տանում խոսակցությունը և խուսափում ձեր ընկերոջ հարցին պատասխանելուց: Այդքան ջուր ծեծելու փոխարեն, պարզապես ասե՛ք «գադրի նոմբոր շուլեն ջոնգու», և դրանից հետո ձեր ընկերը հազիվ թե ձեզ որևէ բան հարցնի:   

Շարունակելի...