15:36 , 6 նոյեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Այս տարվա ինն ամիսներին պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 785.6 մլրդ, իսկ ծախսերը` 709.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.1% ով և 91.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը` նախորդ տարվա 101%-ի և 92%-ի դիմաց:
Ինչպես տեղեկացնում է ֆինանսների նախարարությունը, նախորդ տարվա ինն ամիսների համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում. այն կազմել է 17.9% (շուրջ 119.2 մլրդ դրամ)` նախորդ տարվա 7.4%-ի (45.8 մլրդ դրամի) դիմաց, և հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.4%-ն այս տարվա ինն ամիսներին ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.9%-ը` այլ եկամուտների, 0.7%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
Հարկային եկամուտների և պետական տուրքերի իննամսյա ծրագիրը կատարվել է 100%-ով. պետական բյուջե է մուտքագրվել 741.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 18.1%-ով կամ 113.6 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով և 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ:
Ավելացել է նաև ՀՀ պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը, որը կազմել է 7.5% (49.5 մլրդ դրամ)` նախորդ տարվա 3.7%-ի (23.4 մլրդ դրամի) դիմաց, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են շուրջ 24.4 մլրդ դրամով` իննամսյա ծրագրով նախատեսված 41.6 մլրդ դրամ օգտագործման փոխարեն: