Կալիֆոռնիայում մեղուների թվի նվազման պատճառով նուշի գինը կբարձրանա


13:12 , 6 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մեղուների թվաքանակի նվազումը Կալիֆոռնիայում խթանում է նուշի և ընկուզեղենով հրուշակեղենի արժեքի բարձրացումը: Այս մասին հայտնում է Vedomosti-ն: Կալիֆոռնիայում նուշի պլանտացիաները տուժում են մեղուների թվաքանակի նվազեցումից, քանի որ մեղուներն են այդ բույսի փոշոտման միջոցը: Իրավիճակն անհանգստություն է առաջացրել թրեյդերների շրջանում:

Նուշի ամերիկացի արտադրողների տրամադրության տակ ավելի քան 1 մլն փեթակ կա՝ այգիների փոշոտման համար: Վերջին տասնամյակում փոշոտող մեղուների վարձակալության արժեքը եռապատկվել է՝ Կալիֆոռնիայում մեկ փեթակի դիմաց հասնելով 150 դոլարի: Կալիֆոռնիային է բաժին ընկնում նուշի համաշխարհային բերքի 80 տոկոսը:

Փոշոտման ծախսերի ավելացումը հասնել է 8-ամյա առավելագույնի: Փետրվարի տվյալներով՝ մեկ տոննա մինպարել տեսակի նուշի արժեքը հասել է 8500 դոլարի: Առողջ ապրելակերպի ժողովրդականացմանը զուգընթաց աճում է այդ մթերքի գլոբալ պահանջարկը:

Կալիֆոռնիայում փոշոտման ենթակա նուշի այգիների տարածքը կազմում է 800 հազար ակր: Դրա փոշոտման համար անհրաժեշտ է 1.5 մլն փեթակ, այդ իսկ պատճառով մասնագետներն անհանգստացած են մեղուների մահացության հաճախացումից: 

Բնապահպանները համարում են, որ դա տեղի է ունենում մակաբույծների, գործարանների կողմից կիրառվող քիմիական նյութերի, շրջակա միջավայրի աղտոտվածության և եղանակային պայմանների փոփոխությունների պատճառով: