11:53 , 6 նոյեմբեր, 2013
Այսօրվա դեպքի հետ կապված.
1. Ակնհայտ է, որ նորաթուխ կարկառուն «հեղափոխականը» բացարձակ պատկերացում չունի, թե ինչպես են անում հեղափոխություն, ավելին՝ շատ հավանական է, որ նա կամ նրան ուղղորդողները նման նպատակ չունեին էլ:
2. Եթե չեք հիշում, ապա հիշեցնեմ, որ հաշված շաբաթներ առաջ սույն անձը ունենում էր հույժ եվրոպամետ ելույթներ, ավելին՝ Ազատության հրապարակում, դատելով կադրերից, գտնվում էին նույնպես հույժ եվրոպամետ, հավանական է՝ հենց եվրոպաներից կամ Երևանում գործող եվրոպական գրասենյակներից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղորդվող անձինք (այսուհետ՝ ազդեցության գործակալներ), իսկ, ինչպես հետո է պարզ դարձել, նաև դեսպանությունների աշխատակիցներ:
3. Իր ելույթներում կարկառուն հեղափոխականը 10 բառից 12-ը նվիրում էր Վ. Պուտինին, արդեն 22 տարի գոյություն չունեցող ԿԳԲ-ին և ռուսական իմպերիալիզմին:
4. Մինչ այս պահը պարզ չէ, որտեղից են հայթայթել պայթուցիկներ:
Ելնելով վերոգրյալից և բազմիցս դիտելով կադրերը՝ հանգում եմ հետևյալ եզրակացության.
1. Կամ գործ ունենք ցանկություն ունեցող, բայց հաշվարկի արվեստին, ռազմավարական մոտեցումներին և հեղափոխությունների պատմությանն ու տեսությանը բացարձակ չտիրապետող մեկի հետ:
2. Կամ Վիլնյուսա-Մաքսամիութենական զարգացումների «ծիրին մեջ» ԱՄՆ-Եվրոպաները որոշել են ցույց տալ մեր իշխանություններին, որ տիրապետում են երկրում իրադրությունն ապակայունացնելու իրական ռեսուրսի՝ «կուժ ես եմ ասում, կուլա դու հասկացիր» մոտեցմամբ և այդ նպատակով մոբիլիզացրել էին իրենց ազդեցության գործակալներին կամ դրանց մի մասին:
3. Այս երկընտրաքի պատասխանը կստանանք մոտ օրերս՝ հաշվի առնելով այն, թե որտեղից են առավել շատ գոռալու «Ազատություն Անժելա Դևիսին»: Ի դեպ, դա արդեն սկսվել է՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում ամենայն լրջությամբ քննարկվում էր, թե արդյոք մենք նորից կհայտնվենք քաղբանտարկյալ ունենալու խնդրի առջև:
Հ.Գ. Հետաքրքիր է՝ «Պատահական չի լինում ոչ մի բան» երգը ձայնագրելիս Քրիստինե Պեպելյանը պատկերացնում էր, թե այն որքան համակիրառելի բնույթ կկրի: