Սիրիական զորքերը հարձակման են անցել Հալեպից հյուսիս-արևմուտք ուղղությամբ


09:38 , 6 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիական զորքերը հարձակման են անցել Հալեպից հյուսիս-արևմուտք ուղղությամբ և կատաղի մարտեր են մղում հակառակորդների դեմ Լիրամուն շրջանում: Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երկրի հյուսիսային մայրաքաղաի ճակատներում պատկերն օրեցօր փոխվում է:

Քաղաքից հարավ-արևելք ուղղությամբ երեկ իրականացված օպերացիայի արդյունքում կառավարական ուժերը զինված խմբավորումներից ազատել են Թել-Արն և Թել-Հասիլ բնակավայրերը: Ավելի վաղ գրոհայինները դուրս էին մղվել Ալ-Սաֆիրայից և Ալ-Ազիզիայից, ինչը թույլ է տվել ապաարգելափակել Համա-Հալեպ ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղին:

Լիբանանյան «Լիբանկոլ» լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Հալեպի մոտ մարտերում երեքշաբթի սպանվել է «Իսլամական պետություն Իրաքում և Լևանտում» խմբավորման դաշտային հրամանատարներից մեկը: Նրա հետ ոչնչացվել են ավելի քան 300 ահաբեկիչներ: 

Սիրիական զորքերը շարունակում են հետապնդել հակառակորդին Դամասկոսից հյուսիս-արևմուտք ընկած Կալյամուն լեռնաշղթայի շրջանում: Երեքշաբթի 1800 սիրիացիներ վերադարձել են իրենց տները Ալ-Ուտեյբա բնակավայրում, որը տեղակայված է Դամասկոսի միջազգային օդանավակայան տանող մայրուղու վրա: 

Վարչապետ Վաիլ Ալ-Հալկին երեքշաբթի հայտարարել է, որ սիրիական կառավարությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ բարելավելու սննդի մատակարարումը բնակչությանը: Նա փաստել է, որ վերջին շրջանում հաջողվել է հասնել մի շարք բազային մթերքների գնի՝ 25-30 տոկոսով նվազեցման: Վարչապետի խոսքով՝ ազատագրված տարածքները վերադառնում են կյանքի նորմալ հուն, որին կվերադառնան նաև երկրի բոլոր անկյունները: «Սիրիայում չի մնա ոչ մի ահաբեկիչ, նրանց ոչնչացումը պարզապես ժամանակի հարց է»,- ասել է նա: