23:10 , 5 նոյեմբեր, 2013
Aysor.am-ը գրում է.
Դերասան Սոս Ջանիբեկյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է մեծ համբավ ձեռք բերել հեռուստադիտողների և թատերասեր հանրության շրջանում:
Մաչոյի արտաքինով այս դերասանը, պարզվում է, միշտ պատասխանատու ու պարտաճանաչ է իր գործում, սիրում է աշխատանքից գերհոգնել և ամեն նոր սիրտ «կոտրելիս» ինքն էլ ոչ պակաս տանջվում է:
Ս. Ջանիբեկյանը Aysor.am-ի զրուցակիցն է:
- Մի քանի օր առաջ համացանցում գրել էիր հիվանդանոցում ոչ պատշաճ սպասարկման մասին: Հետո գրեցիր, որ դու ոլորտի խնդիր էիր բարձրաձայնել, բայց միայն մի մարդ պատժվեց: Ի՞նչ էր եղել և հիմա ինչպե՞ս ես քեզ զգում:
- Մի օրով թունավորվել էի, շատ ծանր մի օր էր դա, բայց հիմա ինձ լավ եմ զգում, իսկ բարձրաձայնել էի այն պատճառով, որ շատ-շատ կուզեմ ապրել Հայաստանում, և ամեն անգամ շրջագայելուց, երբ տեսնում եմ մյուսների քաղաքակրթության աստիճանը և վերադառնում եմ Հայաստան ու տեսնում, թե այստեղ որքան հետ ենք ամեն ինչից, մարդիկ որքան են չարացած, ոչ բարեկեցիկ կյանքով են ապրում, ու ավելի շուտ գոյատևում են, շատ եմ ցավում ու ամեն անգամ ուզում եմ, որ չգա այն պահը, որ ուզենան գնալ այստեղից. եթե դու սիրում ես քո երկիրը, դու պետք է պայքարես դրա համար, որքան էլ այն փոքր ու անզոր լինի: Քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում, թե չէ կփորձեի այդ ոլորտում էլ ակտիվ լինել, բայց փորձում եմ բարձրաձայնել առկա խնդիրները: Թե ոնց է թանկարժեք մեքենայով հարուստի երեխան իրեն պահում մեր երկում: Ցավով եմ լցվում, երբ տեսնում եմ դա: Երբ տեսնում ես, որ օրենքը բոլորին չի վերաբերվում, որովհետև պաշտոնյաների մեծամասնության տղաները ոնց որ իրենց հոր տանը լինեն... Շատ երևույթներ կան այստեղ, որոնցից մարդ կուզենար հեռու լինել:
- Իսկ ի՞նչ նորություններ ունես, այժմ ինչի վրա ես աշխատում:
- Նոյեմբերի 14-ին կլինի «Կենտ զույգը» ներկայացման պրեմիերան՝ Դրամատիկական թատրոնում, նկարանահվում եմ նաև ռուսական «Стрелок 2»-ում: Նաև տարվա վերջին պլանավորում ենք շրջագայել:
- Կպատմես` ի՞նչ դերեր ես կատարում, ճի՞շտ է, որ երկրորդական պլանի դերեր խաղալու առաջարկների չես համաձայնում:
- Չէ, համաձայնում եմ, «Շարմի» գրեթե բոլոր ֆիլմերում երկրորդական կամ նույնիսկ երրորդական դերեր եմ կատարում: Ինձ համար կարևոր է ոչ թե դերի ծավալը, այլ բովանդակությունը, կենսագրությունը, կերպարի հատկանիշների ցայտուն կամ վառ լինելը, իսկ գլխավոր է, թե երկրորդական` էական չի:
- Հարցազրույցներից մեկում նշել ես, որ վատ չես վերաբերվում որակյալ սերիալներում նկարահանվելուն: Իսկ այժմ կա՞ն սերիալներում նկարահանվելու առաջարկներ:
- Առաջարկներ, իհարկե, կան: «Արմենիա» հեռուստաընկերությամբ պետք է սկսվեր մի սերիալ, ես` գլխավոր դերում, հետո քասթինգ պետք է անեին և դերասաններ ընտրեին, սակայն ժամանակի գերծանրաբեռնվածության պատճառով հասկացա, որ դա չի կարող լինել, սակայն լինելու դեպքում՝ դա միանշանակ լինելու էր որակական առումով առաջատար սերիալ, այնպիսին, ինչպիսին եղել են այն սերիալները, որոնցում ես նկարահանվել եմ: Դրանով զբաղվելու էր նույն թիմը, որը զբաղվել էր «Եղբայրներ» հեռուստասերիալով: Նկարահանելու, մոնտաժելու էր նույն «Կյանքի գինը», «Վերադարձ» հեռուստասերիլաների թիմը, իսկ դրանք ինձ համար մեր հեռուսաընկերություններով թողարկվող առաջատար սերիալներից են: Ես բազմասերիանոց ֆիլմերում խաղալու առաջարկներ էլ ունեցա, բայց այս տարի գրեթե բոլորը մերժեցի, կոպիտ ասած՝ հեռուստատեսությունից հեռացա ու գնացի դեպի թատրոն և կինո: Պատճառը էլի ծանրաբեռնվածությունն է: Խաղացել եմ ղարաբաղյան «Թևանիկ» ֆիլմում, որտեղ միայն երեխաներ էին գլխավոր դերերում, ես խաղացի երկրորդական դերում, դրա համար սովորեցի Ղարաբաղի բարբառը, շատ լավ աշխատանք է, մյուս տարվա աշնանը կհայտնի մեծ էկրաններին: Խաղացի նաև «Կորտված ժառանգություն» ֆիլմում Մանթաշևի տղայի կերպարը: Մյուս տարվա սկզբին ունեմ 1 ֆիլմի առաջարկ, և մայիսին գեղարվեստական ֆիլմի առաջարկ, բայց եթե երկար անգործ մնացի, միանշանակ բազմասերիանոց ֆիլմում նկարահանվելու առաջարկը կընդունեմ: Իհարկե, ես շատ պահանջկոտ եմ այդ հարցում, սցենարից պրոդյուսերից, սերիալի զարգացումից, մոնտաժողից սկսած որոշում եմ` արժի՞ այդ ֆիլմում խաղալ, թե ոչ, և ամեն ինչից պետք է տեղյակ լինեմ, որովհետև շատ բծախնդիր եմ ադ հարցում:
- Այսինքն՝ սերիալը ընկալում ես որպես գումար աշխատելո՞ւ միջոց:
- Առաջին հերթին սերիալը ինձ համար գումար վաստակելու միջոց է, հետո՝ ֆորմայի մեջ լինելու միջոց, որովհետև դու ամեն օր առավոտյան արթնանում ես և գնում աշխատանքի, իսկ ես սիրում եմ զբաղված լինել: Ոգևորվում եմ լավ խաղացած տեսարանից, ու ես ինձ միշտ երջանիկ, բավարված եմ զգում այն ժամանակ, երբ զգում եմ, որ հոգնել եմ պատճառով ու հոգնել եմ աշխատանքից հետո:
- Քո հաջողությունը տաղանդի՞, թե աշխատասիրության հետ ես կապում:
- Շատ անհամեստ կհնչի, եթե ասեմ, որ ինձ տաղանդավոր եմ համարում: Ես չգիտեմ, տաղանդավոր եմ, շնորհքով եմ, թե ուղղակի՝ ինչ-որ բան ինձ մոտ ստացվում է: Իրականում, ես ալարկոտ եմ, ես ալարում եմ զբաղվել այն բաներով, որ իմ գործին չի վերաբերվում, այսինքն՝ ես դպրոցում էլ, համալսարանում էլ գերազանցիկ չեմ եղել, սակայն արվեստի բնագավառում աշխատելը ինձ համար երբեք աշխատանք չի եղել, դա ինձ միշտ հաճույք է պատճառում: Դա ինձ համար աշխատանք չի, այլ ապրելակերպ, որով սիրում եմ ապրել, իսկ իմ գործով զբաղվել 24 ժամ՝ ինձ համար նշանակում է ապրել այդ 24 ժամը: Ու ընդ որում, ես շատ պատասխանատու եմ, երբեք 7 տարվա ընթացքում չի եղել, որ ուշանամ: Յուրաքանչյուրը, ում հետ աշխատել եմ, կասի, որ ես պատասխանատու եմ և պարտաճանաչ, միշտ էնտուզիազմով եմ գնում աշխատանքի և այդ ժամանակը սրճարանում անցկացնելուն գերադասում եմ աշխատելը:
- Հաճույքով խաղալու համար կարևո՞ր է, թե ինչ դեր ես խաղում: Ավելի հաճույքով ես խաղում քո բնույթին հակառա՞կ, թե մոտ դերեր:
- Ես չգիտեմ, ինչ ասել է հաճույքով դերեր կատարել, ինձ համար դա գոյություն չունի, բայց եթե պետք է հաճույքով ու նվիրվածությամբ չխաղամ, կգերադասեմ չխաղալ: Ես մաքսիմալիստ եմ, բնազդային մակարդակում հաճույքով եմ կատարում իմ արժեքային համակարգին համապատասխանող դերերը, սակայն ինձ համար հեռու և մոտ կերպարներ չկան, բայց այն կերպարը, որ ես հասկանում և վերլուծում եմ, նորից ես եմ:
- Կա՞ դեր, որ կուզենայիր խաղալ:
- Իհարկե, շատ են, իրականում աշխարհի բոլոր դերերն էլ կուզենայի խաղալ:
- Անգամ մարդասպանի՞:
- Եթե սցենարի ողջ գաղափարը տանում է դրական գաղափարի, և իմ կերպարն էլ, անգամ բացասական, նպաստում է դրական գաղափարին, նպատակին, իհարկե, կխաղամ:
- Իսկ կինոօպերատորի մասնագիտությանը վերադառնալու ցանկություն կա՞:
- Կինոօպերտորի մասնագիտությանը վերադառնալու ցանկություն միշտ կա, որովհետև աշխարհում բեմից հետո իմ ամենասիրած 2 տեղը` տեսախցիկի առջևում և հետևում է: Այժմ բավարարությունը գտնում եմ լուսանկարչության մեջ, դա իմ հոբբին է, որով այժմ հաճախ չեմ կարողանում զբաղվել, սակայն մի օր հաստատ կնկարեմ մի ֆիլմ կամ նման մի բան: Ունեմ տեսախցիկ և ժապավենով եմ նկարում:
- Երբևէ եղե՞լ է այլ մասնագիտություն ընտրելու ցանկություն:
- Ոչ, եթե նորից ընտրեի, կլիներ արվեստի մի ճյուղ, եթե արվեստից հեռու, կուզենայի ֆուտբոլիստ լինել, ֆուտբոլի երկրպագու եմ, ժամանակի բերումով չեմ կարող լինել մեծ երկրպագու, ով բոլոր խաղերին հետևում է և ամեն ինչից տեղյակ է, սակայն ֆուտբոլ շատ եմ սիորւմ:
- Ո՞ր թիմի երկրպագուն ես:
- Իհարկե, Հայաստանի հավաքականի երկրպագուն եմ:
- Իսկ ի՞նչ մանկություն ես ունեցել:
- Օրվա մեծ մասը ապրել եմ փողոցում, իմ կանքի ապրելակերպը այնպիսին էր, որ ժանրերը շատ արագ էին փոփոխվում, ամենավերջին կռիվներն անելուց հետո գնում էի դաշնամուրի, ունեի երկար մազեր, կռվարար ու փողոցի օրենքներով և կարծրատիպերով ապրող բազմաթիվ ընկերներ, իսկ համալսարանում սովորելու տարիներին կարող էր ամենավայրենի կռվից հետո գնայի քննությունս գերազանց հանձնեի: Ես կյանքի բոլոր ոլորտներից միշտ ստացել եմ հաճույք, ինչ-որ չափով եղել եմ դրա մեջ, առհասարակ, ուրախ եմ, որ այդպես է եղել, և շատ բաներ այդտեղից եմ քաղել:
- Ունե՞ս վատ սովորություններ կամ բնավորության գծեր, որոնցից կուզենայիր ազատվել:
- Ազատվել չէ, որովհետև եթե տրված է, ուրեմն իր նպատակով է, սակայն կան բնավորության գծեր, որ խանգարում են ինձ ապրել, օրինակ, շատ իդեալիստ, մաքսիմալիստ եմ:
- Իսկ սուր զգացողությունների կարիք ունենո՞ւմ ես, օրինակ, կուզանայի՞ր պարաշյուտով ցատկել:
- Սուր զգացողության կարիք լինում է, սակայն դրանք աշխատում եմ արհեստական ճանապարհով չստեղծել, թատրոնում, կինոյում, կյանքում, կերպարի և դրության մեջ եմ դրանք փնտրում:
- Քեզ շատերը մաչո են համարում:
- Իսկ մաչո ի՞նչ է նշանակում:
- Սրտակեր:
- Ինձ միշտ շատ բնական եմ պահում, այնպիսին եմ, ինչպիսին կամ, որևէ արհեստական դրսևորումների մեջ չեմ ընկնում, դեռ սիրտ չեմ կերել, և չգիտեմ նման կին, որի սիրտը կերել եմ:
- Իսկ անուղղակի իմաստո՞վ: Հարցազրույցներից մեկում նշել ես, որ իդեալիստ ես, փնտրում ես այն եզակի կնոջը, իսկ ճանապարհին շատ կանայք են հանդիպում:
- Այո, դա այդպես է:
- «Ճանապարհին հանդիպող» կանանց սիրտը չի՞ կոտրվում:
- Ինչքան իրենցը կկոտրվի, այդքան էլ իմն է կոտրվում, որովհետև սիրահարիցդ հիասափվելն ու սիրահար կորցնելու ցավը նույն է, այսինքն՝ պետք չէ մտածել, որ հիասթափվողը ավելի բարձր դիրքերում է:
- Հաճախ ե՞ս սիրահարվում:
- Ես շատ սիրահարավող եմ, ամեն վայրկյան սիրահարվում եմ, կարող եմ սիրահարվել էս պահին, հենց հիմա` աշնանը, երբ նայում եմ պատուհանից, անընդհատ հրապուրվում եմ ինչ-որ երևույթներով: Կանանց դեպքում՝ բնազդից ելնելով լինում է, որ սիրահարվում եմ, բայց փնտրում եմ այն մեկին, որ միշտ, ամեն պահ իրեն կսիրահարվեմ:
- Հե՞շտ ես հիասթափվում:
- Այո, իդեալիստ եմ:
- Ի՞նչ արժանիքներ պետք է ունենա կինը, որ գրավի քո սիրտը:
- Չկա բանաձև, որովհետև իմ կյանքում եղել են շատ ծայրահեղ տարբեր կանայք և մի հատկանիշ, որը երբեք չէի հանդուրժի, սիրահարվել ու հանդուրժել եմ, նույնիսկ սիրել: Երբ սիրահարվում եմ, սիրում եմ բոլոր հատկանիշները:
- Կա՞ն բաներ, որի համար ափսոսում ես ու կուզենայիր հետ բերել:
- Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, բացարձակ: