10 ամենասարսափելի պատմությունները, որ երբևէ կարդացել եք: Դժոխային տունը


17:30 , 5 նոյեմբեր, 2013

Ես մոտ չորս տարի ապրել եմ մի դժոխային տան մեջ: Ես 11 տարեկան էի, երբ մենք ծնողներիս հետ տեղափոխվեցինք այնտեղ: Այդ տանը  շարունակ տարօրինակ բաներ էին կատարվում: Դռներն իրենք իրենց բացվում ու փակվում էին, արտասովոր ձայներ ու ոտնաձայներ էին լսվում:  Ոչ մի բան չէր մնում իր տեղում: Ես հաճախ էի մենակ մնում տանը, քանզի ծնողներս աշխատում էին: Այսպիսով ես հաճախ էի սարսափում:

Ամենասարսափելին այն աղջիկն էր, որ բնակվում էր իմ լոգարանում: Ամեն անգամ, որ անցնում էի լոգարանի մոտով, ես տեսնում էի գանգուր ու խարտյաշ մազերով մի փոքրիկ աղջկա:  Ես չգիտեի ինչ մտածել. ո՞վ էր նա: Գուցե ինչ-որ ուրվական էր: Նա պարզապես կանգնած էր լոգարանում և ակնապիշ նայում էր ինձ, ասես 1905 թ.-ի լուսանկար լիներ: Ես սկսեցի փակ պահել լոգարանի դուռը, որպեսզի լոգարանի մոտով անցնելիս չտեսնեի նրան, սակայն երբ էլ որ բացեի լոգարանի դուռը, նա ներսում էր լինում: Ես սարսափում էի նրանից, սակայն միաժամանակ խղճում էի նրան, քանզի զգում էի, որ նա բանտարկված էր այնտեղ: Մեր մեջ մի ընդհանրություն կար. նա դատապարտված էր մնալ լոգարանում, իսկ ես` այդ տարօրինակ տան մեջ: Սակայն ի տարբերություն ինձ, նա հավանաբար հավերժ էր բանտարկված այնտեղ:


Տարիներն անցնում էին, ու ամեն ինչ ավելի ահավոր էր դառնում, իսկ նա ավելի մթին կերպար էր թվում: Ես սկսեցի մտածել, որ եթե այսպես շարունակվի, ես լրիվ կցնդեմ: 
Մի օր, երբ ես 14 տարեկան էի, այլ քաղաքում բնակվող ընկերներիցս մեկը մի շաբաթով հյուրընկալվեց մեր տանը: Ես նրան ոչինչ չէի ասել մեր տան տարօրինակ երևույթների մասին, քանզի մտածում էի, որ եթե նա իմանար այդ ամենը, հազիվ թե գար մեր տուն: Մենք նստած էինք մեր սենյակում, և նա մի պահ դուրս եկավ սենյակից լոգարան գնալու համար: Մի րոպե անց նա վերադարձավ շփոթված տեսքով և ասաց.

- Փաստորեն քո սենյակում մի փոքր աղջիկ կա:   

- Ըըը… այո, խարտյաշ, գանգուր մազերով, վարդագույն զգեստով աղջի՞կը:  Գիտես, իրականում նա փոքր աղջիկ չէ:

http://www.dusktilldawnevents.co.uk/myfiles/image/home%20page%20/ghost.jpg

Ես այնքան թեթևացած էի, որ ընկերս նույնպես տեսել էր նրան: Փաստորեն նա միայն իմ աչքին չէր երևում: Ծնողներս չէին տեսնում այդ աղջկան և կարծում էին, թե ես ամեն ինչ հորինում էի: Ընկերս այդ դեպքից հետո այլևս իմ լոգարանից չօգտվեց: Ես ինքս էլ աշխատում էի հնարավորինս քիչ մտնել այնտեղ: Ի վերջո մենք տեղափոխվեցինք: Իմ երջանությանը չափ ու սահման չկար: Ես փորձեցի մտքիցս ջնջել այդ տան հետ կապված բոլոր տխուր հիշողություններս: Ծնողներիս չհաջողվեց վաճառել մեր նախկին տունը: Երբ ես արդեն 18 տարեկան էի, մի այլ ընկերոջս հետ պատրաստվում էի ճանապարհորդության մեկնել: Ինձ մի քանի իրեր էին հարկավոր, որոնք ես թողել էի նախկին տանը: Հենց որ ընկերոջս հետ ոտք դրեցինք տուն, ընկերս անհարմարության զգացում ունեցավ: Որոշ ժամանակ անց նա գույնը գցեց: Ես զգում էի, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ, սակայն նա պնդեց, թե ամեն ինչ կարգին է: Ուստի մենք գործի անցանք: Մի քանի անհրաժեշտ իրեր ճամպրուկում դասավորելուց հետո ընկերս ցանկացավ լվացվել, ու ես նրան ուղեցեցի իմ լոգարան: 20 վայրկյան էլ չէր անցել, երբ նա սարսափահար դուրս վազեց լոգարանից, խուժեց ննջարան և շրխկոցով փակեց ննջարանի դուռը:  Նա սկսեց խոսել մի փոքր խարտյաշ աղջկա մասին, ով իրականում բնավ էլ փոքր աղջիկ չէ: Հանկարծ նա քար կտրեց, նայեց ուղիղ աչքերիս մեջ ու ասաց. «Նա տխուր է: Նա դժգոհ է քեզանից: Դու գնացել ես, իսկ նա մնացել է մենակ»: Մենք հապշտապ ճամպրուկի մեջ լցրինք ինչ ձեռքներս ընկավ:  Հետո ես նրան տան մյուս լոգարանն ուղեկցեցի ու ինքս սպասեցի նրան դրսում: Երբ նա վերդարձավ, մենք անմիջապես մեքենա նստեցինք ու մեծ արագությամբ սլացանք այնտեղից: Ես ցանկանում էի հնարավորինս հեռու գտնվել այդ անիծյալ տնից: