Սայաթ-Նովայի 12 բակում չի կարող կառուցվել բարձրահարկ շենք. քաղաքացիները պարտադրում են օրենք


16:18 , 5 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը միավորվել է բիզնես շրջանակների հետ և, ոտնահարելով ՀՀ օրենքները, ներխուժում է Երևանի բակերը՝ հակառակվելով երևանցիների կամքին և բարձրահարկեր խցկելով այնտեղ։

Ըստ էության, Երևանը քաղաքապետ չունի։ Իսկ այս ընթացքում հաջողվել է օրինականություն հաստատել և պաշտպանել միայն այն բակերը, որտեղ բնակիչներն ու ակտիվ քաղաքացիները ինքնակազմակերպվել և սեփական գործողություններով քաղաքապետարանին պարտադրել են հարգել իրենց կամքն ու օրենքը։ Այդպիսի օրինակներ են Վիշապների այգին (2011), Մաշտոցի պուրակը (2012), Սուրենյանց այգին (2013) և բազմաթիվ այլ բակեր, որոնց թիվը գնալով մեծանում է։ Այժմ դեռ ընթանում է Կոմիտաս 5-ի համար պայքարը։

Նույն կերպ Սայաթ Նովայի 12-ի բակում չի կարող կառուցվել բարձրահարկ շենք, քանի որ այն հանդիսանում է հանրային օգտագործման տարածք և որոշումն ընդունվել է օրենքների խախտումով։ Այդ ապօրինի թույլտվությունը չեղյալ համարելու միակ երաշխիքը հարակից
շենքերի բնակիչների վճռականությունն ու սահմանադրական իրավունքներին տեր կանգնելն է։ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է անհապաղ չեղյալ համարել Սայաթ Նովա 12-ի բակի կառուցապատման ապօրինի թույլտվությունը։ Հակառակ դեպքում քաղաքացիներն ինքնուրույն կհաստատեն օրինականություն։

Յուրաքանչյուր շենքում և բակում մեր իրավագիտակից քայլերն են, որ ստիպում են պաշտոնյաներին հաշվետու դառնալ երևանցիների առաջ և փոխում են կոռուպցիայի մեջ թաթախված իրականությունը։