16:00 , 5 նոյեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
«Հայաստանը կարտոֆիլի առումով ինքնաբավ է, կարող ենք արտահանել, եթե խոչընդոտներ չլինեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Իսկ այն, որ վերջերս Վրաստանը որոշել է սահմանից հետ ուղարկել Վրաստան արտահանվող մեծաքանակը հայկական կարտոֆիլը, Բ. Պիպոյանի դիտարկմամբ կամ վատ խմբաքանակ է եղել, կամ էլ լինելով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, Վրաստանը կարողանում է նման քայլեր անել:
Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանը լինելով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, թույլատրեց Թուրքիայից սննդամթերքի ներկրումը, քանի որ Թուրքիան ևս անդամ էր, կային պարտավորություններ, իսկ Վրաստանի դեպքում ոչ պետությունն է բողոքում դրա դեմ, ոչ էլ պատասխանատու կառույցը:
Այն, որ կարտոֆիլի ցեցը մեկ-երկու տարի առաջ Արարատյան դաշտավայրում ընդամենը երկու գյուղում էր, իսկ այժմ` 42 գյուղից ավելին, Բաբկեն Պիպոյանը և ասուլիսին ներկա Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը մեղադրում են պատասխանատու կառույցներին, որոնք անգործունակ են:
Անգամ եթե գյուղացին է ներկրել ցեցը ինչ-որ ձևով, ապա սահմանին չպետք է թույլ տային. «Կարանտին վնասատուն տնտեսության հերն անիծում է, պայքարելու համար ոլորտում անհրաժեշտ է պրոֆեսիոնալ կառավարում»,- շեշտեց Բ. Պիոպյանը:
Լրագրողներից մեկի դիտարկումը, թե գյուղնախարարությունից ասում են, որ կարտոֆիլի ցեցը ագրարագյուղացիական միավորման նախագահի ներկրած կարտոֆիլի հետ է թափանցել Հայաստանը, Բերբերյանին անկնկալի բերեց. «Ես որ Նոստարդամուսն եմ, լսել էի, բայց որ ցեցը ես եմ ներկրել` չէի լսել»: