ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը ղարաբաղյան կարգավորման նոր հնարավորություն է տեսնում


14:16 , 5 նոյեմբեր, 2013

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը ղարաբաղյան կարգավորման նոր հնարավորություն է տեսնումPanarmenian.net-ը գրում է.

Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն է հայտնվել, ինչը չկար վերջին շրջանում, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքըադրբեջանական Trend և Azernews կայքերին:

«ԱՄՆ-ն հավատում է այդ հնարավորությանը»,-ասել է Ուորլիքը:

«Տեսնելով, որ Ադրբեջանում կայացած ընտրություններից և ավելի վաղ Հայաստանում կայացած ընտրություններից հետո նոր հնարավորություններ են հայտնվել, մենք խոսեցինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և մտադիր ենք Երևանում խոսել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,-ասել է նա:

«Գտնում եմ, որ երկու երկրների ժողովրդներն արժանի են խաղաղության ու բարգավաճման: Պետք է մի միջոց գտնել, դա է պատճառը, որ ես ստանձնեցի այս աշխատանքը, քանի որ կարծում եմ, որ կարելի է ճանապարհ գտնել դեպի խաղաղություն»,-ասել է նա:

Ըստ Ուորլիքի, նա պատրաստ է մի քանի անգամ այցելել տարածաշրջան, որքան անհրաժեշտ կլինի խաղաղ կարգավորման համար:

Պատասխանելով երկու նախագահների հանդիպման մասին հարցին՝ Ուորլիքն ասել է, որ դա կախված է պետությունների ղեկավարներից: «Այդ որոշումը միայն համանախագահները չէ, որ պետք է ընդունեն: Սակայն մենք ջանում ենք աջակցել, որ հանդիպումն այս տարի կայանա»,-ասել է նա: Ըստ Ուորլիքի, դա օգտակար կլիներ ամենաբարձր մակարդակով շփում հաստատելու համար: «Մենք հուսով ենք, որ դա իրական խաղաղ գործընթացի կհանգեցնի, համապարփակ բանակցությունների, կարգավորման, որը օգտակար կլինի երկու երկրներին: Մենք շատ դրական բանավեճ ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ: Եթե կա քաղաքական կամք կարգավորման հարցում առաջ շարժվելու համար, մենք պատրաստ ենք օգնել»,-ասել է նա՝ հավելելով, որ Մինսկի խմբի համանախագահները կարող են քննարկել երկու նախագահների հետ հետագա բանակցությունների պլանը:

«Գրեթե երկու տարի է նախագահները չեն հանդիպել, այդ ընթացքում մենք առաջընթացի ուղի չկարողացանք գտնել: Մենք հուսով ենք, որ նախագահները կարող են հանդիպել արդյունավետ ու կառուցողական քննարկման համար»,-ասել է նա:

Ըստ Ուորլիքի, ցանկալի է, որ հակամարտության կողմերը իրենք հայտարարեն, որ ցանկանում են համապարփակ բանակցություններ վարել:

«Մենք հուսով ենք, որ եթե նախագահները կարողանան խոսել միմյանց հետ, նրանք կգտնեն առաջ շարժվելու միջոց և այդ բանակցությունները կառուցողական կդառնան: Հիմա գործընթացն առաջ չի շարժվում, բայց մենք կցանկանայինք, որ առաջընթաց արձանագրվեր խաղաղության հաստատման ճանապարհին»,-ասել է նա:

Անդրադառնալով կարգավորման հիմնական սկզբունքներին՝ Ուորլիքն ասել է, որ դա հենց այն է, ինչ երկու երկրների նախագահները պետք է քննարկեն: «Այսօր մենք աշխատում ենք հիմնարար սկզբունքների վրա: Մեր նպատակն է աջակցել համապարփակ բանակցություններին»,-ասել է նա:

Պատասխանելով Մինսկի խմբում Ֆրանսիային ԵՄ մեկ այլ երկրով փոխարինելու մասին հարցին՝ Ուորլիքն ասել է, որ հակամարտության կողմերը շարունակում են հավատալ ՄԽ գործունեությանը: «Հարցը բանակցությունների ձևաչափը չէ, հարցը բոլոր կողմերի քաղաքական կամքն է՝ առաջ շարժվելու, լուծում գտնելու: Դա այն է, ինչ մենք կցանկանայինք ուսումնասիրել առաջիկա շաբաթներին»,-ասել է նա:

Խոսելով այլ հակամարտությունների հետ համեմատության մասին՝ Ուորլիքն ասել է, որ դա շատ դժվար է, քանի որ դրանց առաջացման հանգամանքները տարբեր են: «Այս աշխատանքին ձեռնամուխ լինելուց առաջ ես աշխատել եմ Աֆղանստանում և առաջատար բանախոսն էի անվտանգության ապահովման երկկողմ համաձայնության կնքման հարցում: Դա բարդ էր, բայց մենք կարողացանք գտնել առաջընթացի ուղին: Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները բարդ բանակցություններ են, բարդ ընտրություն, որը պետք է արվի: Սակայն դա հակամարտություն է, որը պետք է կարգավորվի: Եկել է դրա ժամանակը: Եթե ես կարող եմ նպաստել կարգավորմանը, եթե համանախագահները կարող են օգնել ավելի դյուրին դարձնել այդ գործընթացը, մենք պատրաստ ենք դա անել»,-ասել է Ուորլիքը:

Մինչ այդ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Բաքվում հայտնել էր լրագրողներին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել ՀՀ նախագահի հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար: Ըստ նրա, նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ:

Բաքվից համանախագահները ժամանել են Երևան, որտեղ հանդիպելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս անգամ համանախագահները Լեռնային Ղարաբաղ չեն մեկնի: