Հայաստանում հրդեհներն այս տարի ավելի քիչ վնաս են պատճառել


12:19 , 5 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հայաստանում հրդեհների հետևանքով ստացված վնասներն այս տարվա 10 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

«Խոսքը առաջին հերթին վերաբերում է հրդեհների հետևանքով զոհվածներին ու վնասվածքներ ստացածներին: Եթե նախորդ տարվա 10 ամիսների ընթացքում զոհվել է 11 մարդ, ապա այս տարի՝ 8 մարդ: Վնասվածքներ նախորդ տարի ստացել են 226 մարդ, իսկ այս տարի` 26 մարդ: Ինչ վերաբերում է նյութական վնասին, ապա պետք է նշել, որ այն 25%-ով նվազել է»,- ասաց նա:

Հարցին, թե ինչով է պայմանավորված վնասվածքներ ստացած մարդկանց թվի այդքան մեծ տարբերությունը, ԱԻՆ աշխատակիցը բացատրեց, որ հրապարակում փուչիկների բռնկման հետևանքով առաջացած հրդեհից նախորդ տարի վիրավորվել էր միանգամից 201 մարդ:

Ինչ վերաբերում է խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներին, ապա նախորդ տարվա հետ համեմատ դրանք 50%-ով աճել են: «Այս տարի՝ սեպտեմբերին, հրդեհները բաց խոտածածկ տարածքներում ավելի շատ էին»,- ասաց նա:

Ընդհանուր առմամբ, Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ հրդեհների թիվը էլ ավելի նվազեցնելու համար անհրաժեշտ է բարձրացնել հասարակության շրջանում համապատասխան գիտելիքները, ինչը ԱԻՆ-ը ամեն տարի իրականացնում է սոցիալական հաստատություններում՝ ուսումնական հաստատություններում, բժշկական կենտրոններում, ծերանոցներում և այլուր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ