10:58 , 5 նոյեմբեր, 2013![]() |
|
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Մշտապես կարդալով խորովածի, հարիսայի տոների, խաշի սեզոնի բացման մասին գրառումները, հեռուստատեսային տեղեկատվությունները, գովազդները, ակամա հիշում եմ այն բազմատեսակ ազգային կերակուրները, որոնք վերացել են, չքացել են մեր ճաշասեղաններից, հասարակական սննդի օբյեկտներից:
Յուրաքանչյուրդ` անկախ տարիքից, հավանաբար կհիշեք ձեր տատիկների, մայրիկների եփած ճաշերը, զանազան համով ուտեստները, խորտիկները, գաթաներն ու քաղցրավենիքները: Եթե հիմա սկսենք թվարկել մեր ազգային ուտելիքները, երևի թե երկու ձեռքի մատերը հերիքի: Իսկ եթե հիշենք, թե ազգային ինչ ճաշատեսակներ են մատուցում մեր ռեստորաններում, պանդոկներում, սրճարաններում, ապա մի ձեռքի մատերն էլ հերիք է…
Ցանկացած տեղ գրեթե նույն ճաշատեսակն է, նույն սահմանափակ ուտեստները:
Ես դեմ չեմ, որ լինեն աշխարհի բոլոր ժողովուրդների խոհանոցների ընդունված, սիրված լավագույն կերակուրները, խորտիկները: Քավ լիցի, ես ուղղակի ցավում եմ, որ մեր ազգային լավ ուտեստները մոռացվել են և մոռացվում են:
Միայն թե չասեք խորովածի, քյաբաբի, խաշլամայի, իքի բիրի, լահմաջուի, մնացած համանման կերակուրների մասին, որոնք կամ մերը չեն, կամ բոլորի խոհանոցներում կա, կամ վիճարկելի է դրա ազգային պատկանելիությունը: Լավ խոհարարներ, նվիրյալներ, ազգագրագետներ, փորձառու տնային տնտեսուհիներ են պետք…Էնտուզիաստներ, լավ նախաձեռնող, սրտացավ մարդիկ են պետք, պետական հոգածություն, հիմնադրամներ, բարերարներ են պետք…
Ի վերջո, այդ զանազան հիմնադրամների նպատակը միայն նյութականը, միայն ճանապարհները, ջրատարները, պոմպակայանները, մնացյալ կառույցները չեն…Այո’, համաձայն եմ, դրանք կարևոր են, սակայն մենք մոռանում ենք մարդուն, նրա հոգևոր արժեքները, մշակույթը, ավանդույթները, պատմական-ազգային արժեքները: Ժամանակն է այդ բարեգործական, համահայկական և մյուս տարաբնույթ հիմնադրամների գումարները ուղղել նաև մեր ազգային արժեքների, մշակույթի, երգ ու պարի, ժողգործիքների, տարազների, խոհանոցի վերականգնմանը, պատմական հուշարձանների վերակառուցմանն ու պահպանմանը…
Ինչու պետք է այսօր թուրքական նվագախմբերում ավելի շատ հայկական երաժշտական գործիքներ, ազգային տարազի տարատեսակներ, տարրեր օգտագործվեն քան մեզանում: Ինչու պետք է այսօր դեպի վանքային համալիրներ, դեպի Արագածի լիճ տանող ճանապարհները լինեն խրամատների նման քարուքանդ վիճակում: Ինչու պետք է Ամբերդը վերականգնված չլինի և ՀՀ տարածքում քիչ թե շատ պահպանված այս ամրոցը չդառնա մեր տասերորդ դարի բնակավայրի, ամրոցի, բերդի գոնե միակ ցուցադրական պատմական վայրը` իր զբոսաշրջային ժամանակակից, բայց հնաոճ անհրաժեշտ կառույցներով, որտեղ զբոսաշրջիկը, այցելուն կարող են վայելել բացառապես միայն հայկական ազգային ճաշատեսակներ ու երաժշտություն` առանց բայաթիների ու կլկլոցների…
Իհարկե, նման օրինակներ շատ կարելի է բերել…
Իսկ մենք աջ ու ձախ խոսում ենք զբոսաշրջության զարգացման մասին, բերում ամպագորգոռ տվյալներ ու ինքնաբավ նստում մեր նախարարություններում, մարզպետարաններում, աշխատասենյակներում…Որովհետև հիմնականում ցանկացած ղեկավար ստանալով պաշտոնը, ցավոք միայն իր և իր մերձավորների բարեկեցության մասին է մտածում…
Այո’, ցավոք խոսում ենք, միայն խոսում…Աչքներս չռելով միայն մայրաքաղաքի իրական կամ կասկածելի պատմական ճարտարապետական հուշարձանների վրա, հաճախ նաև անձնավորված պայքար տանում` մոռանալով մեր դարերի խորքից եկող, խնամքի և ուշադրության կարիք զգացող հուշարձանները…Իսկ այդ հուշարձանները աղտոտում ենք, հաճախ նաև քանդում, մրոտում, պղծում պատերը, խաչքարերը` թուրքերի, բարբարոսների, վանդալների նման, մոռանում մեր ազգային ամեն ինչ`ավանդույթ, մշակույթ, տարազ, երաժշտական գործիքներ, խոհանոց, սովորույթներ…
Չէ’, լավ է…Լսեք արաբա-թուրքական կլկլոցներ, ա լյա ռուսականացված, անհասկանալի լեզվով արտաբերվող «Օլյա բուչաներ», պարեք պորտապարեր, քարշ եկեք պարսիկների հետ ու կերեք…
Ու կերեք` ինչ ուզում եք…