«Թուրքի արած է, նպատակը` գյուղացուն թալանելը». Բերբերյանը` կարտոֆիլի շուրջ ստեղծված աղմուկի մասին


10:16 , 5 նոյեմբեր, 2013

«Թուրքի արած է, նպատակը` գյուղացուն թալանելը». Բերբերյանը` կարտոֆիլի շուրջ ստեղծված աղմուկի մասին Panorama.am-ը գրում է.

Կարտոֆիլի հիվանդության ու Հայաստանից Վրաստան կարտոֆիլի արտահանումն արգելելու մասին լուրերը Panorama.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը պրովոկացիա ու արհեստական որակեց:

Երեկ ողջ օրվա ընթացքում Գեղարքունիքի ու Շիրակի տարբեր տարածաշրջանների բնակիչներ զանգել են Բերբերյանին` պարզելու, ճիշտ են այն տեղեկությունները, որ Վրաստանը հրաժարվում է Հայաստանից կարտոֆիլ ներկրել: Միավորման նախագահն ասել է, սուտ է: Նա կարծում է, որ ստեղծված իրավիճակում պետք է հայտարարությամբ հանդես գա գյուղատնտեսության նախարարությունը` տեղեկացնելով, որ սահմանի վրա որևէ պրոբլեմ չկա:

«Հանրապետությունից արտահանվել է մոտ 10 հազար տոննա կարտոֆիլ, արտահանման գործընթացը շարունակվում է, խոսքը վերաբերում է 475 տոննա կարտոֆիլին, որը կազմում է ընդամենը արտահանման ծավալի 4-5 տոկոսը: Ինձ շատ հետաքրքիր է, թե ում են ձեռնտու այս հերյուրանքները, թե սահմանը փակ է»,-ասաց Բերբերյանը:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակը ձեռնտու է մի խումբ մարդկանց, ովքեր գյուղացիների հաշվին թալան են իրականացնում. «կոպեկներով ձեռք են բերում գյուղմթերքը, արտահանեն, որ գերշահույթներ ստանան»:

Ձեռագիրը Բերբերյանին հիշեցրել է այս տարվա գարնանը ծիրանի շուրջ ստեղծված պատմությունը, երբ ծիրանը մնացել էր դաշտերում, ինչի հետևանքով այն սկսեցին գյուղացուց գնել շատ ցածր գնով, նույնը, նրա կարծիքով, կպատահի կարտոֆիլի դեպքում, երբ վարկերի տակ կքած գյուղացիները կշտապեն օր առաջ թեկուզ էժան գնով վաճառել պահեստներում մնացած կարտոֆիլը:

«Մինչև այս 90 դրամով էին տանում կարտոֆիլը, վերջին մի քանի օրվա ընթացքում` 120 դրամով: Վերջապես գյուղացին կարողանում էր մի կոպեկ աշխատել: Էլի փորձում են թալանել գյուղացուն, սա թուրքի արած է: Մի զարմացեք, Վրաստանի այդ շուկան Թուրքիան է ապահովում, ես պատահական չեմ ասում, թուրքի արած է»,-բարկացած ընդգծեց միավորման նախագահը, ավելացնելով, որ չի բացառում, որ հանրապետության որոշ տարածքներում հնարավոր է վարակ լինի, բայց այսօր մենք ունենք շատ առողջ ու հիանալի բերք:

«Հնարավոր է բերքի 2-3 տոկոսն էլ հիվանդ ու անորակ լինի, և այսօր նման հերյուրանք տարածել, որ 1-2 թափթփուկ փող աշխատեն, չեմ թողնելու: Ես չեմ փորձում որևէ մեկին մեղադրել, բայց որ չեմ թողնի, որ հայ գյուղացուն թալանեն, դա միանշանակ է: Մի մոռացեք, որ անցած տարի կորտոֆիլագործ ֆերմերները լուրջ կորուստներ ունեցան, գոնե թողեք էս տարի մարդիկ 1-2 կոպեկ աշխատեն, որ հայրենիքում մնան, չլքեն, գնան»,-ասաց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ