Սիրիայի իշխանությունները սկսում են երեխաների պատվաստման համազգային արշավ


08:46 , 5 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիայի կառավարությունը հայտարարել է երեխաների պատվաստման համազգային արշավի նախապատրաստման մասին՝ հայտնում է BBC-ն:

Իշխանությունները հայտարարում են, որ ցանկանում են պատվաստումներ անել պոլիոմելիտի, կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ: Պատվաստում կստանան բոլոր երեխաները՝ ներառյալ նրանք, ովքեր ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում են:

Իշխանությունների հայտարարությունն արվել է երկրում վերջին 14 տարում առաջին անգամ պոլիոմելիտով հիվանդացության դեպքերի գրանցման ֆոնին: Մտավախություն կա, որ վիրուսն արագորեն կտարածվի:

Իշխանությունները հայտնում են, որ կաշխատեն միջազգային կազմակերպությունների հետ՝ չհստակեցնելով, թե ինչպես կարող են պատվաստանյութը տեղափոխել ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներ:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել էր սիրիացի երեխաների շարքում պոլիոմելիտով հիվանդացության 10 դեպք: Հիվանդ երեխաների մեծ մասը երկու տարեկանից փոքր են:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում շուրջ 500 հազար երեխա այդ հիվանդության դեմ պատվաստված չէ: