Հանրությանը հարկավոր է գցել դրական շոկի, ցնցումի մեջ, որպեսզի դրա ազդեցությունից նա դադարի ինքն իրեն վնասել...


06:38 , 5 նոյեմբեր, 2013

Հայաստանյան ներկա վիճակը կարելի է բնորոշել որպես պետության կազմաքանդման փուլ:
Այս վիճակը պայմանավորված է հանրային մտածողությամբ: Դա էլ իր հերթին իր վրա կրում է դարերի ազդեցության կնիքը: 
Մեր պետությունը նման է մի ավտոմեքենայի, որի բոլոր դետալները փչացած են:
Իշխանությունները հանրության ամենաախտահարված հատվածն են, այն ինքնին հետևանք է:
Ընդդիմությունը սա չգիտակցելով՝ պայքարում էր հետևանքի դեմ, այդպիսով խորացնելով պատճառը: Եվ ունեցանք այս, հույսերից զերծ ճահիճը:
Ընդդիմությունը հիմա էլ չի ջանում տեսնել երևույթների խորքը: Եվ հանրության համար այն գրեթե գոյություն չունի: Ընդդիմության համար քաղաքականությունը բրեյն-ռինգ է՝ մեկ րոպեից ավելի չի մտածում իրականությունը որոշող պատճառների շուրջ: Այդ մեկ րոպեի ընթացքում ինչ պատճառ տեսավ, դա էլ ընդունում է հիմք ու հանրությանը տանում ջախջախումի:
Իշխանությունները ձևավորվել են բացասական ընտրասերումով, և այնտեղ հիմա գրեթե չկա իրավիճակը վերլուծելու, վերափոխելու մտավոր ռեսուրս: Հանրությունը իշխանությունների հետ հույս չի կապում:
Փաստորեն հանրության համար չկա ընդդիմություն, չկա իշխանություն: Սա շատ վտանգավոր վիճակ է, քանի որ խոր անհուսության փուլ է և այն կարող է պետության կործանման պատճառ դառնալ:
Այս իրավիճակը կանխատեսվել  և այս մասին ահազանգվել է իմ կողմից 2007 թվականից:
Իրավիճակն այնպիսին է, որ քրիստոնեական «սիրենք միմյանց» և լիբերալ-դեմոկրատական, «եկեք ապրենք հաշտ» կոչերը անզոր են որևէ բան փոխել. Դրանք անգամ ծիծաղելի են թվում:
Այլ բան է պետք անել: Հանրությանը հարկավոր է գցել դրական շոկի, ցնցումի մեջ, որպեսզի դրա ազդեցությունից դադարի ինքն իրեն վնասել: Նման բան կարող է անել թերևս միայն ազգայնականությունը: Մյուս իզմերն անզոր են:
Միաժամանակ հանրության առողջ հատվածին հարկավոր է համախմբել-կազմակերպել այլ արժեհամակարգի շուրջ, որպեսզի այն հանդիսանա ապագա պետության հիմք ու մերան: