Իգոր Պոպով. Իլհամ Ալիևը հայտարարել է, որ համաձայն է հանդիպել Հայաստանի նախագահի հետ


16:15 , 4 նոյեմբեր, 2013

Իգոր Պոպով. Իլհամ Ալիևը հայտարարել է, որ համաձայն է հանդիպել Հայաստանի նախագահի հետPanarmenian.net-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ շարունակելու համար երկխոսությունը ղարաբաղյան կարգավորման շուրջ, Բաքվում լրագրողներին է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում»,-ասել է միջնորդը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ըստ նրա, հանդիպումը կարող է կայանալ մինչև տարեվերջ:

Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Իգոր Պոպովն ու Ջեյմս Ուորլիքը նոյեմբերի 4-ին ժամանել են տարածաշրջան հերթական այցով, որի նպատակն է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը: Իր այցը տարածաշրջան նրանք սկսել են Բաքվից: Այսօր համանախագահները Բաքվից կժամանեն Երևան, որտեղ կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Մինչ այդ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Ես Բաքվում եմ, սպասում եմ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման: Լուրջ խոսակցություն է ակնկալվում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների մասին»,-գրել է նա: Եվ անմիջապես հարց է տվել. «Կա՞ն արդյոք վստահության կառուցման այնպիսի միջոցներ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար»: