ՀԱԿ-ում տեղի ունեցած արարքը կարդարացնեն «գժից ինչ պահանջես» տրամաբանությամբ


15:45 , 4 նոյեմբեր, 2013

Քանի որ որևէ հիմար արարք այս երկրում կարող է կատարվել միայն իշխանության, հատկապես նրա ուժային և քաղաքական թևերից մեկի և կամ երկուսի (ոստիկանության և ՀՀԿ-ի) կողմից, ապա ՀԱԿ գրասենյակ դանակով մուտք գործած անձը ևս չէր կարող թվարկվածս կառույցներից անկախ գործել: Բայց, քանի որ այդ երկուսն էլ երևակայության ու նաև առողջ տրամաբանության հետ խնդիրներ ունեն, ապա տվյալ անձի «դանակով պարը» ներկայացրել էին, ճիշտ է իր բերանով, որպես Վանոյի նկարի դեմ «ցլամարտի» երևույթ, ինչը ընդունեք, որ այնուամենայնիվ «այն չէ»: Որպեսզի հաջորդ անգամ նշածս կառույցներն ավելի քիչ ետարարքային խնդիրներ ունենան՝ առաջարկում եմ այս մեկի իրագործողի համար ետին թվով ձևակերպել «գժի թուղթ» ու հաջորդ տարի ապահովել նրա հաղթանակը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Դրանով մեծապես կնպաստեն երեք խնդրի լուծմանը՝ առաջինը, ավելի տրամաբանական բացատրություն կտրվի ՀԱԿ-ում տեղի ունեցած արարքին՝ «գժից ինչ պահանջես», երկրորդ, կպահպանվի խզված ավանդույթը, երբ «գժի թղթով» համայնք են ղեկավարում, և երրորդ, մայրաքաղաքին մոտ գտնվող և դրանով խիստ կարևորություն ունեցող այդ փոքրիկ քաղաքը կձերբազատվի ԲՀԿ-ական իշխանությունից և կանցնի հանրապետականի թևի տակ: