14:26 , 4 նոյեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Մեր իշխանությունը նման է մի յուրահատուկ սպունգի, որն իր մեջ է ներառում բացասական երևույթներ և գնալով ավելի վատն է դառնում: Նման տեսակետ հայտնեց «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Եթե երկրի նախագահը որոշի արմատական բարեփոխումներ անել, ապա իր շրջապատում չի գտնի բավարար թվով մարդիկ, ովքեր իր հետ կարող են անել այդ փոփոխությունները»,-ասաց նա՝ կոչ անելով քաղաքական ուժերին դադարեցնել քաղաքական գործընթացները, քանի որ դրանք կարող են շատ ավելի վատ հետևանքների հանգեցնել:
Պեպանյանն ասաց, որ ինքը դեռ 8 տարի առաջ էր կանխատեսել, որ Հայաստանում կուսակցությունները բարոյապես մեռնելու են:
«Իրավիճակից դուրս գալու համար ազգայնական մոտեցում է անհրաժեշտ: Ազգայնականները պետք է արժեհամակարգը վերականգնեն, մեծ ցնցում առաջացնեն և այս ճահճից հասարակությանը դուրս բերեն: Այսօր Հայաստանի միջին քաղաքացու համար պետությունը գոյություն չունի»,-եզրափակեց բանախոսը: