22:00 , 4 նոյեմբեր, 2013Ի՞նչ է գեղեցկությունը: Յուրաքանչյուր ժամանակաշրջանում հասարակությունը սահմանում է իր իդեալները: Մերօրյա գեղեցկուհիները դժվար թե մեծ համբավ ունենային մի քանի դար առաջ: Եվ ընդհակառակը, նայելով անցյալ դարերի գեղեցկուհիներին, հաճախակի զարմանում ես, թե ինչպես են նրանք այդքան հայտնի եղել:

Հին դարերում գեղեցկության չափանիշները հաշվարկվում էին մաթեմատիկական ճշգրտությամբ: Հին Հունաստանում գեղեցկության էտալոնն էր համարվում Աֆրոդիտեի քանդակը՝ 164 սմ հասակով, 86-69-93 չափանիշներով: Բացի այդ ավելացրեք ուղիղ քիթը, ցածր ճակատը, մեծ աչքերը, փոքր կզակը և Դուք գեղեցկուհի եք:

Հին հռոմեացի կանայք առաջինն էին, ովքեր հայտնաբերել էին մազերը շիկահեր ներկելու բաղադրատոմսը: Նրանք իրենց մազերին հաճարի ածխի հետ միասին այծի կաթ էին քսում, իսկ հետո չորացնում էին արևի տակ: Այծի կաթի հիման վրա տարբեր դիմակներ էին պատրաստվում: Խնամված մաշկը կանացի գեղեցկության կարևորագույն չափանիշն էր:
![]()
Միջին դարերում, Քրիստոնեության ընդունման հետ միասին փոփոխվեցին նաև գեղեցկության օրենքները: Այդուհանդերձ ամեն ինչ դեռ եկեղեցու կառավարման տակ էր: Կլորիկ կազմվածք ունեցող կանայք ստիպված էին շատ ձիգ կորսետներ կրել, որպեսզի նրանց կազմվածքը հարթ դառնար: Գեղեցիկ էին համարվում նեղ դեմքով կանայք, փոքրիկ դիմագծերով և հիվանդագին գունատ դեմքով: Հաճախակի սափրում էին հոնքերը, որպեսզի դեմքը հանգիստ, անվրդով արտահայտություն ստանար: Մազերը թաքցնում էին գլխարկների տակ: Գեղեցիկ կինը նա էր, ով աչքի չէր զարնում:

13-րդ դարում ասպետների դարաշրջանն էր: Ասպետների իդեալական կինը շատ նրբագեղ էր, շքեղ շիկահեր մազերով, մեծ աչքերով և փոքրիկ քթով: Նրան նմանեցնում էին վարդի՝ նուրբ մաշկով և շրթունքներով:

Երկու դար անց նուրբ վարդին փոխարինեց «5» թիվը: Հենց այդ թվին պետք է նման լիներ կնոջ իդեալական կազմվածքը: Կանայք հատուկ բարձիկներ էին դնում, որպեսզի ուռուցիկ որովայնի տեսք ստանային:
Կնոջ գեղեցկության նոր իդեալ բերեց Վերածննդի դարաշրջանը: Փոփոխությունները տեղի էին ունեցել ամենուրեք՝ գրականությունում, երաժշտությունում, գեղանկարչությունում: Եթե ուշադրություն դարձնենք նկարիչների կտավներին, ապա պարզ կդառնա, որ նորաձև էր կլորիկ կազմվածքը, թմբլիկ վիզը և ուսերը, փոքրիկ ոտնաթաթը, սպիտակ մաշկը և ոսկեգույն մազերը: Այդպիսի տեսք ուներ Վերածննդի դարաշրջանի գեղեցկուհին:

Կլասիցիզմի դարաշրջանում վերադարձել էր նրբագեղ կազմվածքը, նեղ իրանը և հորինել էին մեծ, շքեղ վարսահարդարումներ: Հաճախակի կանայք ստիպված էին երկար ժամանակ չլվանալ իրենց մազերը, քանի որ նորաձև սանրվածքի ստեղծման համար մեկ ամբողջ օր էր պահանջվում: Շատ նորաձև էին սպիտակեցրած դեմքին նկարված «խալերը»:

18-րդ դարը ռոկոկոյի դարաշրջանն էր: Կինը պետք է ճենապակյա արձանիկի նման լիներ: Շատ նուրբ կառուցվածքը պետք երևար ժանյակների և ժապավենների միջից: Գեղեցկության այս ոճի հիմնադիրը Մարքիզուհի դե Պոմպադուրն էր: Այդ ոճը հենց այդպես էլ անվանեցին՝ պոմպադուր:
19-րդ դարում էտալոն էր դարձել ազնվական արտաքինը: Չափանիշ էին համարվում նիհար կազմվածքը, դեմքի նուրբ դիմագծերը, սպիտակ մաշկը: Ընդ որում կարևորվում էր ոչ թե բնական, այլ սրահային գեղեցկությունը: Դեմքի առողջ տեսքը և կարմիր այտերը բնորոշ էին միայն սպասուհիներին:

20-րդ դարը ռեկորդակիր էր գեղեցկության չափանիշները փոխելու հարցում:
20-րդ դարի սկիզբին իդեալ էր համարվում կանացիությունը: Նորաձև էին կազմվածքի նրբագեղությունը, գանգուրները, փոքրիկ բաճկոնները:

20-րդ դարի վերջում շրջազգեստները կարճանում են, նորաձև են դառնում կարճ սանրվածքները: Գլխավոր թրենդը «չարլսթոն» ոճն էր:

40-ական թվականներին գեղեցկության չափանիշները սկսեց թելադրել կինոարվեստը: Կանայք նմանակում էին Մառլեն Դիտրիխին և Րիտա Հեյվորդին: Էլեգանտ, նրբագեղ և ինքնավստահ. ահա ինչպիսինն էր կնոջ կերպարը: Նորաձև էր տղամարդկային ոճը:
50-ական թվականին առաջին սեքս-խորհրդանիշն է դառնում Մերիլին Մոնրոն: Վերադառնում է կանացիությունը: Էտալոն է դառնում գեղեցիկ, մեծ կրծքով և կլորիկ գոտկատեղերով կազմվածքը: Անխտիր բոլորը շիկահեր են դառնում, սկսում են կրել բարձրակրունկ կոշիկներ և գեղեցիկ զգեստներ:

60-ական թվականներին Մերիլին Մոնրոյի գրավիչ կազմվածքին փոխարինում է Տվիգգին՝ դեռահասի կազմվածքով անգլուհի մոդելը: Կանայք ամբողջ աշխարհում սկսում են դիետաներ պահել, սովամահ լինել և կապում են իրենց կուրծքը, որպեսզի կազմվածքը հարթ լինի:

80-ական թվականների վերջից սկսած նորաձև է դառնում մոդելի մասնագիտությունը. նորաձև է բարձրահասակ և սլացիկ տեսք ունենալը: Եթե 60-70-ական թվականներին 1.70 հասակով աղջիկներն իրենց անհարմար էին զգում և ամեն կերպ ցանկանում էին ավելի ցածրահասակ թվալ, ապա 80-ականներին բարձրահասակ լինելը մեծ շքեղություն էր համարվում: Կազմվածքի էտալոն սկսեց համարվել 90-60-90 չափանիշը: Սակայն այդ ամենի հետ այնպիսի հասկացություններ առաջ եկան, ինչպիսին են անորեքսիան և բուլեմիան:
Ներկայումս առողջապահության բազմաթիվ կազմակերպություններ պարտադրում են նորաձևության տներին փոխել գեղեցկության չափանիշները: Եվ կարելի է համարել, որ նրանք որոշակի արդյունքերի հասել են: Նորաձևության բազմաթիվ տներ արդեն նոր չափանիշներ են հայտարարել մոդելների համար: