Հիմա էլ նպատակը նույնն է, ինչ 1915 թվականին` ոչնչացնել հայի ինքնությունն ու հայ ընտանիքը


12:12 , 4 նոյեմբեր, 2013

araratHanun.am-ը գրում է.

Շուտով, 2015 թվականին կլրանա hայ ազգի մեծագույն ողբերգության, կորստի և պարտության՝ Հայոց ցեղասպանության 100 տարին: Հայ և օտարազգի պատմաբաններն ու քաղաքագետները բազում, հաճախ փոխլրացնող, որոշ դեպքերում էլ նաև հակոտնյա հիմնավորումներ են ներկայացնում առ այն, թե ինչո՞ւ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, որո՞նք էին այն ծնող պատճառները և շարժառիթները:

Սակայն մեկ իրողություն անհերքելի է. թուրքը և իր դաշնակիցները հային սպանում էին ոչ միայն մեր hայրենիքին վերատիրելու, այլ նաև հայի ազգային ինքնությունը ոչնչացնելու համար, իսկ այդ ինքնության հոգևոր և աշխարհիկ արժեքները շուրջ 1600 տարի ձևավորվել էին քրիստոնեության հենքի վրա:

Պատահական չէր, որ դավանափոխ եղած հայերի կյանքն այդ օրերին չվտանգվեց:Ընտանիքի, չարի և բարու ավանդական ընկալումները, աստվածաշնչյան պատվիրանները, մեր հայրերի թողած պատգամները, լեզուն, մշակույթը, ավանդույթները այն հիմնական կռվաններն էին, որոնց օգնությամբ պահպանվում, գոյատևում և ապագայի նկատմամբ լավատեսությամբ լեցուն ապրում էր հայն իր հայրենիքը բռնազավթած Օսմանյան կայսրության տիրապետության ներքո:

Եվ Օսմանյան կայսրությունը, և նրան հաջորդած Թուրքիայի Հանրապետությունը փորձում էին նախ և առաջ հայից բռնությամբ և խաբեությամբ վերցնել այն ամենը, ինչը կազմում էր մեր ինքնության անքակտելի մասը՝ հավատը, ընտանեկան ավանդույթները, մշակույթը, արժեհամակարգը: Կամ դավանափոխություն, կամ ֆիզիկական ոչնչացում՝ սա էր Թուրքիայի քաղաքականության ալֆան և օմեգան հայության նկատմամբ:

Ընդդիմացող տեսակը դատապարտված էր մահվան: Այդպես՝ շուրջ մեկ և կես միլիոն ՀԱՅ…Իսկ ի՞նչ գնահատական կարելի է տալ այն անձանց, կազմակերպություններին և պետություններին,  որոնք այսօր ցանկանում են այլասերել հայ ընտանիքը, ոչնչացնել ընտանեկան ավանդույթները, պարտադրել, որպեսզի սեռափոխությունը և համասեռամոլությունը ընկալվեն որպես հասարակական նորմ, սովորական, առօրյական, ընկալելի, իսկ դրանց քարոզչությունը` թույլատրելի և հանդուրժելի, ոչ հեռավոր ապագայում էլ կարող են պահանջել, որ օրինականացվի արյունապղծությունը, վկան՝ եվրոպական երկրների անցած 20 տարվա ճանապարհը և ներկա վիճակը:

Այդ անձիք, կազմակերպությունները և պետություններն էապես ինչո՞վ են տարբերվում 1915 թվականին ցեղասպանությունը ծրագրավորած և իրականացրած երիտթուրքերից… Հիմա էլ է նպատակը նույնը, ինչ այն ժամանակ` ոչնչացնել հայի ինքնությունն ու հայ ընտանիքը, անցյալում փորձեցին դա անել դավանափոխությամբ, հիմա փորձում են այլասերելով:Ինչպե՞ս կգնահատվեն, ի՞նչ վերաբերմունքի կարժանանան Էնվերի, Թալեաթի, Ջեմալի և Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած այլ անձանց այն ժառանգները, որոնք կփորձեն այցելել Հայաստանի Հանրապետություն և հրապարակայնորեն արդարացնել իրենց պապերի կատարած ոճիրը:

Պարոնայք և տիկնայք Սերժ Թանգյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան և նույն հայտարարության ներքո նրանց հետ ստորագրածներ, փորձեք երիտթուրքերի այդ ժառանգներին ընկերակցելով, ժամանել Հայաստան, աջ ու ձախ բարձրաձայնել սեռափոխ անձանց, գենդերների, նույնասեռականների ինքնարտահայտման իրավունքների պաշտպանության մասին: Արժանի պատասխանը, որը կլինի նույնը, ինչ միանգամայն ենթադրելի է վերոնշյալ դեպքում, չի ուշանա, դրանում դուք շատ արագ կհամոզվեք:Երևի թե Ձեր այցը Հայաստան լինի վերջինը և դրանից հետո այլևս ցանկություն չհայտնեք այցելել նախնյաց երկիր` մարդու իրավունքների քողի ներքո քարոզելու և պաշտպանելու այլասերվածություն տարածող և քարոզող անձանց իրավունքները:Դուք ցանկանում եք ՄԵՂՔԸ ներկայացնել որպես մարդու իրավունք և հանդես եք գալիս այդ այլասերումները տարածողների պաշտպանի դերում:

Ձեր կողմից արդյոք գիտակցվո՞ւմ է դա, թե ոչ… Ձեզանից շատերը հավանաբար ստանալով քրիստոնեական դաստիարակություն, պետք է որ հստակ գիտակցեն, թե Սուրբ Գրքում ինչպե՞ս են գնահատվում պոռնկությունը, նույնասեռականությունը, արյունապղծությունը և նմանատիպ այլ մեղսագործ արարքներ, կարծում ենք, պետք է նաև իմանան, թե ի՞նչ պատիժ է սահմանված նշված և այլ մեղսագործությունների պարագայում:Մի պահ խորհեք, գիտակցեք Ձեր արարքի վտանգավորությունը, վեր կանգնեք Ձեր անձնական, «համամարդկային» ընկալումներից, հիշեք, թե ո՞ր Զարմից եք, ի՞նչ պատասխանատվություն ունեք Ձեր նախնյաց, հայրերի և ապագա սերունդների առջև:

Միգուցե ապաշխարեք և ԴԱՐՁԻ՞ գաք: Այդպիսի հնարավորություն յուրաքանչյուրին է տրված:Ջուր մի լցրեք այլասերում քարոզող, մեր ինքնությանը վնասելու փորձ կատարող անձանց ջրաղացին:Հուսով ենք, որ ականջալուր կլինեք մեր հորդորին:

Հայկ Այվազյան

“Համահայկական ծնողական կոմիտե” հիմնադիր անդամ 

Սերժ Թանգյան, Ատոմ Էգոյան և մյուսների հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ`http://168.am/2013/10/30/293875.htmlhttp://www.pinkarmenia.org/hy/2013/10/famarmstatement/- See more at: http://hanun.am/?p=312#sthash.cFavIxy5.dpuf