08:56 , 4 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ այս ամռանն իր ծառայություններով հետաքրքրվել են մի քանի ակումբներ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նաև բացատրել է, թե ինչու է ընտրել գերմանական ակումբ տեղափոխվելու տարբերակը:
«Ես մի քանի տարբերակներ ունեի: Սակայն ես ընտրեցի «Բորուսիա»-ն, քանի որ ինձ դուր է գալիս նրանց ֆուտբոլը: «Շախտյոր»-ի կազմում Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում դորտմունդցիների հետ հանդիպումից հետո ես հեռուստացույցով հետևել եմ նրանց բոլոր խաղերին: Նրանք ցուցադրում էին ոչ միայն ֆանտաստիկ ֆուտբոլ, այլև այնպիսի ֆուտբոլ, որն ինձ դուր է գալիս: Ես հասկացա, որ այս թիմում կարող եմ առաջադիմել:
Ֆուտբոլում գումարներն այդքան էլ կարևոր չեն: Ես ապրում եմ ֆուտբոլով, մտածում դրա մասին, զգում այն: Եթե լավ խաղաս, գումարներն ամեն դեպքում կգան: Ես եկա «Բորուսիա», որպեսզի խաղամ, այլ ոչ թե նստեմ պահեստայինների նստարանին, ինչը լիովին կարող էր տեղի ունենալ, եթե տեղափոխվեի Անգլիա»,- ասել է Մխիթարյանը: