13:34 , 3 նոյեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Հայաստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, թե Իրանի էներգետիկ համակարգից Հայաստանի էներգետիկ համակարգի մեկուսացման հետեւանքով Հայաստանի շատ մարզերի ու Երեւանի շրջանների էներգամատակարարումը դադարեցվել էր:
Նախարարությունը հայտարարել է, որ հիմա քննում են, թե ինչու պետք է մեկուսացում տեղի ունենար, որպեսզի հետագայի համար պատճառները վերացնեն:
Ինչու-ն ամենակարեւոր հարցն է, սակայն ոչ միայն տվյալ դեպքի, այլ ընդհանրապես Հայաստանի էներգետիկ համակարգի համար: Ինչու պետք է ինքնաբավության ռեսուրսներ ունեցող Հայաստանի էներգետիկ համակարգը ատոմակայանի պլանային դադարեցման ընթացքում կախված լինի մեկ այլ երկրի համակարգի հետ ներդաշնակեցումից:
Հայաստանի էներգետիկ համակարգը չունի՞ ինքնաբավ լինելու հնարավորություն անգամ ատոմակայանի աշխատանքի դադարեցման դեպքում: Ինչու՞ չունի: Հավանաբար սրան կգտնվի մի որեւէ բարդ մասնագիտական պատասխան, բայց հարցը միեւնույն է շարունակելու է բաց մնալ:
Հայաստանի էներգետիկ համակարգում գրեթե ամբողջությամբ գերակա է Ռուսաստանը: Այդ համակարգը ըստ էության աշխատում է Ռուսաստանի ենթակայության տակ: Եթե ատոմակայանի դադարեցման դեպքում Հայաստանի էներգետիկ անվտանգությունը կախված է լինում Իրանի հետ կապից, ապա դա նշանակում է էներգետիկ անվտանգության լրջագույն սպառնալիք: Խնդիրն այստեղ Իրանը չէ, այլ համակարգի ինքնաբավության հնարավորություններն ինքնին:
Հայաստանի էներգետիկան պետք է լինի ինքնաբավ, դա պետք է լինի Հայաստանի էներգետիկայի թիվ մեկ խնդիրը, քանի որ Հայաստանը պատերազմող երկիր է, թեեւ այժմ հրադադարի փուլում, եւ ռազմավարական կարեւորագույն համակարգը պետք է հնարավորինս զերծ լինի արտաքին կախվածությունից, նույնիսկ արտաքին ժամանակավոր կախվածությունից: Այն, որ էներգակիրների ներկրման մասով մենք արդեն իսկ բնականորեն կախված ենք, դա բավական է: Էներգաարտադրության եւ մատակարարման գործընթացի մասով Հայաստանին հարկավոր է լիովին ինքնաբավ համակարգ:
Ինչու՞ անցած տարիների ընթացքում Հայաստանի համար չի ապահովվել այդ համակարգը; Ինչ կլիներ, եթե հանկարծ այսօր տեղի ունեցած վթարը տեղի ունենար ասենք Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների ժամանակ, որի վտանգը բնականաբար մշտապես առկա է:
Իսկ գուցե այդ հարցի պատասխանն ԱԺ-ում iPad-ով շարիկ գլորող էներգետիկայի նախարարն է, որն այդպես էլ նույնիսկ փոքր նկատողության չարժանացավ իր ղեկավարության մոտ:
Գուցե տարիներ շարունակ համակարգի կառավարման ոլորտում մարդիկ շարիկ գլորելով են զբաղված եւ այդ իսկ պատճառով էլ գոյություն ունեն նման վտանգներ: Թե՞ Հայաստանի էներգետիկայի նախարարություն ասվածն ընդամենը ձեւական կառույց է, եւ բուն կառավարումն իրականացնում են նրանք, ովքեր տնօրինում են էներգետիկ հզորությունները՝ այսինքն ռուսական ընկերությունները:
Եվ գուցե տեղի ունեցածը Հայաստանի հանդեպ ուժի եւ արհամարհանքի ցուցադրության հերթական դրսեւորումներից էր, ցույց տալու համար, թե խելոք մնացեք, այլապես ամենաթունդ պահին կարող ենք «ռուբիլնիկն» անջատել եւ ձեր երկիրը «կթքի iPad»-ին: Չէ որ ժամանակին Հայաստանի իշխանությունը փոխանակել է «ռուբիլնիկն» «iPad»-ի հետ: