23:51 , 2 նոյեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրում, «Արարատը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ եւ ամրապնդեց իր դիրքերն առաջին հորիզոնականում: «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խաղից հետո կարճ զրույց ունեցավ armsport.am-ի հետ:
- Գրանցված արդյունքից կարելի է ենթադրել, որ ընթացել է լարված հանդիպում…
- Այո, ամբողջ խաղի ընթացքում, խաղադաշտում կար պայքար: Երկու թիմերն էլ գործում էին երկար փոխանցումների միջոցով, քանի որ խաղադաշտի որակը լավը չէր եւ կարճ փոխանցումներով խաղալ՝ հնարավոր չէր: Մեզ հաջողվեց գոլ խփել, որը հաղթական էր այս խաղում:
- Ի՞նչ կասեք գոլային դրվագի մասին:
- Վահե Մարտիրոսյանը հիանալի գոլ խփեց: Հուսով եմ՝ շուտով ֆուտբոլասերները կդիտեն տեսանյութը եւ կհամոզվեն:
- Դուք տեւական ժամանակ աշխատել եք «Գանձասարում», ապա տարաձայնությունների պատճառով հեռացել եք կապանյան թիմից: Կարելի՞ է ասել, որ այս խաղը կրկնակի կարեւոր էր Ձեզ համար:
- Չէի ասի, քանի որ յուրաքանչյուր խաղ էլ կարեւոր է: «Արարատն» ամեն խաղում էլ պայքարում է հաղթանակի համար:
- Խաղից հետո, երկու թիմերի խաղացողների միջեւ ծեծկռտուք է եղել: Ի՞նչն է պատճառը:
- Նման երեւույթները շատ տգեղ են եւ ստվեր են գցում ֆուտբոլի վրա… Բնական է, մրցակիցը սեփական հարկի տակ կրած պարտությունից հետո բորբոքված էր, ինչն էլ պատճառ հանդիսացավ նման միջադեպի…
- Այսինքն «Գանձասարի» խաղացողնե՞րը հրահրեցին ծեծկռտուքը:
- Իհարկե: Մի՞թե հաղթանակած հանդիպումից հետո մեզ համար նման միջադեպեր հրահրելու առիթ կար: