06:56 , 2 նոյեմբեր, 2013
Aravot.am-ը գրում է.
Վերջերս Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր համայնքի գյուղացիները խուճապի մեջ էին. նրանք մտավախություն ունեին, որ իրենց խաղողի բերքը չի իրացվի, քանի որ այդ տեղանքում կան խաղողի մասնավոր այգիներ,որոնք խոշոր արտադրողներին են պատկանում: Օրեր առաջ աղավնաձորեցիները նույնիսկ փորձել են խոչընդոտել մասնավոր այգիների բերքահավաքը, սպառնացել են այրել այգիները, ու թեեւ այս պահին խնդիրը հարթվել է, սակայն վերջնական չի լուծվել, եւ չի բացառվում, որ եկող տարի էլ գյուղացիները նման քայլերի դիմեն: Բանն այն է, որ երկար տարիներ այս համայնքից էին գինու խոշոր արտադրողները խաղող գնում, բերքը քիչ էր, պահանջարկը՝ շատ, գյուղացիներն էլ իրենց պայմաններն էին թելադրում: Այս տարի, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, երբ արտադրողներն իրենց այգիներից արդեն լավ ու մեծ քանակությամբ բերք ստացան, ինչը չէր ստացվում նախորդ տարիներին, գյուղացիները, պարոն Հարությունյանի խոսքերով ասած` «պանիկայի» մեջ ընկան: Սակայն արտադրողներին սեփական այգիներ ունենալը ձեռնտու է ոչ միայն բերքի ինքնարժեքի համար, այլեւ` խաղողի որակի ու համապատասխան որակի, քաղցրության համար: Բայց, երբ գյուղացիները բողոքի ալիք էին բարձրացրել, կառավարությունը, գյուղնախարարությունը, պարոն Հարությունյանի ներկայացմամբ` համոզեցին ու խնդրեցին արտադրողներին գյուղացիների բերքը գնել, ինչը եւ արվեց: Խնդրի այս տարբերակով լուծումն, ընդամենը սեզոնային է, պարոն Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ մյուս տարի խնդիրն ավելի սուր կլինի: «Սա 2-րդ դեպքն է, որ գյուղացիներին թողնում են մենակ, նրանք էլ անզորությունից նման բան են անում: Եկող տարի խնդիրը կկրկնվի, եթե մարտ-ապրիլ ամիսներին գյուղացիներին հստակ չասվի, թե իրենցից ինչ են սպասում ու ինչ որակի բերք աճեցնեն, ու մոտավորապես ինչ գնով կկգնվի այն: Գյուղնախարարությունը պետք է ոչ թե սեպտեմբեր-հոկտեմբերին աշխատի գյուղացիների հետ, ու այն էլ՝ անիմաստ, այլ` ավելի շուտ: Նախարարությունը պետք է պոտենցիալ արենի գնողների ու գյուղացիների հետ բանակցի, այսինքն, տարբեր կողմերից ներկայացուցիչներ լինեն եւ որոշման գան, թե ինչ քանակությամբ, ինչ քաղցրության ու ինչ գնի խաղող է պետք, եւ երբ պետք է բերքահավաքը լինի»,-ասաց պարոն Հարությունյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ