Ալբանիայում հոսպիտալացվել են մարիխուանայի ցանքատարածությունում աշխատող մոտ 700 բանվորներ


22:02 , 1 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ալբանիայի հարավում մարիխուանայի ապօրինի ցանքատարածության հարյուրավոր աշխատակիցներ բժիշկներին են դիմել` բողոքելով առողջական խնդիրներից: Այս մասին գրում է Reuters-ը:

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով` այս տարվա հունիսից ի վեր բժիշկների օգնության կարիքն են զգացել մոտ 700 բանվորներ, ովքեր Լազարաթ գյուղում զբաղվել են կանաբիս ցանելով, հավաքելով, մշակելով և փաթեթավորելով:

Ցանքատարածությունում մոտ 2 հազար մարդ է աշխատել, այդ թվում` աղքատ գնչուներ: Հիվանդների մոտ 40 տոկոսը դեռահասներ և կանայք են: Մարդիկ հիվանդանոց են գնացել սրտխառնուքի նոպաներով, արյան բարձր ճնշմամբ, փորացավով, ոմանց մոտ էլ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել:

Այդ ցանքատարածությունը, որտեղ աճեցվում է Ալբանիայում մարիխուանայի ընդհանուր ծավալի գրեթե կեսը, մոտ 60 հեկտար է զբաղեցնում: