Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրել է հողի հարկի կատարողականի ցուցանիշների վրա


21:49 , 1 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ փոխվարչապետն ու մարզպետները շրջայց են կատարել Արտակարգ իրավիճակների նախարարությունում, այցելել են հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն, ԱԻՆ պոլիկլինիկա, եղան ժամանակակից սարքավորումներով ու ծրագրերով հագեցած ճգնաժամային կառավարման կենտրոնում և 911 ծառայությունում, ծանոթացել են պայմաններին, աշխատանքի սկզբունքներին:

Նախարար Երիցյանը ներկայացրել է ծառայության հնարավորությունները` նշելով, որ շուրջօրյա սպասարկվում են արտակարգ իրավիճակների եւ սոցիալ-կենցաղային բնույթի ահազանգները, կազմակերպվում է ուժերի և միջոցների` օպերատիվ ու ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքում:

Տեղում քննարկվել են ԱԻ նախարարության և մարզպետարանների միջև արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների ժամանակ համագործակցության հետ կապված հարցեր:

Շրջայցից հետո տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:

Զեկուցվել է, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը 2013թ. տասը ամիսների կտրվածքով կազմել է 93,4 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 6,4 տոկոս է: 

Փոխվարչապետը մեկ անգամ ևս մարզպետների ուշադրությունը հրավիրել է մասնավորապես հողի հարկի կատարողականի ցուցանիշների վրա, որը կազմել է 88,1 տոկոս: 

Նկատելով, որ քիչ ժամանակ է մնացել տարվա ավարտին` փոխվարչապետն ընդգծել է հարկային պարտավորությունները լիարժեք կատարելու և ապառքներ չկուտակելու անհրաժեշտությունը:

Զեկուցվել է նաև 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաև հողօգտագործողներին մատչելի գնով ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման ծրագրերի ընթացքը, քննարկվել են մի շարք այլ հարցեր: