Չինաստանի իշխանությունները հայտնել են ահաբեկչությունը պատվիրած խմբավորման անունը


11:35 , 1 նոյեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Չինաստանի Կոմկուսի կենտկոմի քաղաքական-իրավական հարցերով քարտուղար Մեն Ձյանջուն հայտարարել է, որ Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության պատվիրատուն Արեւելյան Թուրքեստանի իսլամական շարժում կազմակերպությունն է: Այս մասին գրում է Ֆրանս Պրեսը: Միջադեպի այլ մանրամասներ նա չի հայտնել:

Արեւելյան Թուրքեստանի իսլամական շարժումը, որը ցանկանում է Չինաստանից անջատել Սինցզյան-Ույղուրական ինքնավոր շրջանը, Չինաստանում ահաբեկչական է համարվում, իսկ ԱՄՆ եւ ՄԱԿ-ի կողմից՝ ահաբեկչությանն աջակցող: Ավելի վաղ ահաբեկչությունն իրականացնելու մեղադրանքով 5 մարդ էր ձերբակալվել, ովքեր ույղուրական ազգանուն ունեն:

Տյանանմենի միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին, երբ ույղուրական համարներով ավտոմեքենան հարվածել է հավաքված մարդականց, պայթել ու այրվել: Միջադեպի արդյունքում զոհվել է 5 մարդ, այդ թվում, մեքենայում գտնվող 3 հոգին, վիրավորվել 40-ը: