Կլակ - Թափառական մի շուն ճամփաս կտրեց


16:37 , 1 նոյեմբեր, 2013

Թափառական մի շուն ճամփաս կտրեց
Եվ ասես մի պահ հաչել ցանկացավ,
Հետո չգիտեմ` ինչու կամ ինչպես,
Ջղայն աչքերը թախծալի դարձան:

Նա տխուր նայեց,կուչ եկավ հանկարծ,
Անկախ ինձանից ես էլ նստեցի,
Ու առանց խմիչք, սակայն գինովցած
Շունն ու մարդն ընկան աստիճաններին:

Պոետն ու շունը` երկու բանտարկյալ,
Որ չեղած տեղը բանտեր են գտնում,
Ու մինչ կքանդեն կապանքներն այդքան,
Թափառական են դառնում այս կյանքում:

Մի օր սատկում է շունը թափառող.

-Հիշո՞ւմ եք բակի բարի շնիկին.
Երեխեքին էլ դպրոց էր ճամփում,
Վաղուց էլ չկա`սատկեց երևի:

Եվ օր է գալիս` պոետն է մեռնում.

-Իսկական խենթ էր,էդպիսիք չկան.
Կարդա ու տես` ինչպես է գրում,
Ափսոս,որ երեկ խեղճը մահացավ:

Թափառական մի շուն ճամփաս կտրեց
Եվ ասես մի պահ հաչել ցանկացավ,
Բայց մենք մտքերով կիսվեցինք այսպես,
Ու մեր ապագան միասին տեսանք: